Եվրասիական միության առաջին զոհերը

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից ընդամենը մեկ շաբաթ անց երեկ Հայաստանում տեղի ունեցավ իսկական եվրասիական պետությանը բնորոշ առաջին իրադարձությունը: «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դապարտեց 4-7 տարի ազատազրկման: Կոնկրետ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Հումանիզմի անսահման չափաբաժին դրսևորելով՝ դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին, դատապարտեց 4 տարվա պայմանական ազատազրկման: Այս դատավճիռները հերթական անգամ ցույց տվեցին Հայաստանի իրական դեմքը:

Այս վճիռներով Հայաստանի իշխանությունը ցույց տվեց, որ կարող է արժանի տեղ զբաղեցնել Պուտինի, Նազարբաևի ու Լուկաշենկոյի ղեկավարած երկրների կողքին: Այդ երկրներում ևս, ինչպես Հայաստանում, դատարաններն ընդամենը ընթերցում են իշխանության կայացրած վճիռները:

Իսկ այս գործով «վճիռն» իրականում հրապարակվեց մոտ երկու շաբաթ առաջ, երբ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում Շանթ Հարությունյանի մասին հարցին պատասխանելիս նրան որակեց՝ որպես «հանցագործ»: Շանթ Հարությունյանն իր մի քանի ընկերների հետ համարձակվել էր Երևանի Կենտրոնում Պուտինի ու նրա կայսերապաշտական քաղաքականության դեմ բողոքի ակցիա անցկացնել: Իսկ դա ներելը կնշանակեր՝ չպատժել Պուտինի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տվածներին, ինչը կարող էր չներվել Պուտինի կողմից:

Պատահական չէ, որ երեկվա դատավճիռների հրապարակման ժամանակ դատարանի շենքի առջև հավաքվածների շարքում բացակայում էին այն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, ովքեր «կատաղի պայքար» են մղում իշխանությունների դեմ, բայց իրենց պարտքն են համարում յուրաքանչյուր հանրահավաքի սկզբում հայտարարել, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Սա եվրասիական Հայաստանն է, և վերջ:

Տեսանյութեր

Լրահոս