Բաժիններ՝

«Նաիրիտի» դեմ կրկին սնանկության հայց է ներկայացվել

«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ կրկին դատական հայց է ներկայացվել՝ հարկադիր սնանկության պահանջով: Դիմումատուն «Էներգոկոր» ՍՊ ընկերությունն է, որը գրանցված է Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Միկրոշրջան 68 շենք, 10 բն. հասցեում: Ըստ e-register.am կայքի, ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին, հիմնադիրներն են ՀՀ քաղաքացիներ Գարիկ և Կարեն Արաբյանները:

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 7-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընունվել հոկտեմբերի 8-ին: Ի դեպ, դատավորն է Արա Կուբանյանը, ով բավականին տխրահռչակ հարուստ փորձ ունի «Նաիրիտի» հետ կապված այլ դատական գործերով:

Ուշագրավ է, որ «Էներգոկորի» անունը «Նաիրիտի» աշխատկիցներին ծանոթ չէ: Թե ի՞նչ ծառայություններ է մատուցել այս ընկերությունը պարապուրդում գտնվող գործարանին, 168.am-ը կփորձի ճշտել առաջիկա օրերին:

Նկատենք միայն, որ որևէ ընկերության կողմից գործարանը սնանկ ճանաչելը ՀՀ կառավարության համար, թերևս, լավագույն լուծումն է ստեղծված պարտքային «ճահճից», որից Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ դուրս գալ է կարողանում, ոչ էլ այնտեղ մնալն է ընդունելի: Մինչդեռ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հենց երեկ ի պատասխան մեր դիտարկմանը, որ լուրեր են պտտվում, թե կառավարությունը «ուղիներ է փնտրում գործարանը սննակացնելու», հավաստիացրել էր, որ նման հարց օրակարգում չկա և գործարանն այդքան հեշտ հնարավոր չէ սնանկացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս