Կուսակցությունները պարտավորված կլինեն ծախսած գումարների մասին հաշվետվություններ հրապարակել
ԼՂՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կուսակցությունների մասին օրենքում»:
Դրանք, ըստ նախարար Արարատ Դանիելյանի, հիմնականում վերաբերում են կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկությանը: Գործող օրենքում, Արարատ Դանիելյանի խոսքով, կուսակցություններին տրվող նվիրատվությունների չափ սահմանված չէ, չկան նաեւ ֆինանսական վերահսկողության մեխանիզմներ:
Հիմա առաջարկվում է արգելել կուսակցության գույքի նվիրատվությունը, տարեկան կտրվածքով սահմանափակումներ են նախատեսվում ինչպես առեւտրային, այնպես էլ ոչ առեւտրային կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից ստացվող նվիրատվությունների համար: Դրանց ընդհանուր չափը տարեկան կտրվածքով չպետք է գերազանցի 100 մլն դրամը:
Եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա արդեն մինչեւ գալիք տարվա մարտի 25-ը կուսակցությունները պարտավորված կլինեն նախորդ տարվա ընթացքում ստացած եւ ծախսած գումարների մասին մամուլում հաշվետվություններ հրապարակել՝ գումարային որոշակի սահման անցնելու դեպքում, դրանք աուդիտորական եզրակացությամբ, իսկ պետական լիազոր մարմնի պահանջով` եռօրյա ժամկետում ներկայացնել նաեւ որոշ հաշվապահական հաշվետվություններ: