Վահագն Խաչատրյանի համար բոլոր մաքսադրույքաչափերն անընդունելի են
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը դժվարանում է գնահատել՝ ԵՏՄ տարածք ներկրվող ապրանքների համար գանձվող մաքսատուրքերի գումարի 1.13%-ը, որ ստանալու է Հայաստանը, բավարա՞ր է, լա՞վ է, թե՞ վատ: 168.am-ի հետ զրույցում Վ.Խաչատրյանը նշեց, որ անհասկանալի է, թե սկզբունքը որն է, որ այդքան են տվել, ամենայն հավանականությամբ, ՀՀ մաքսադրույքներից գանձվող գումարներն են հիմք ընդունվել ու գումարվել են սպասվող ավելացումները:
«Համենայնդեպս դա ավելին է, քան ՀՀ բյուջեն այսօր ստանում է: Թե ինչու է 1.13 % ստացվել, և ոչ 1.5%, երևի բանակցային գործընթացի արդյունք է: Այս ցուցանիշը կարևոր է ֆիսկալ առումով, բայց պետք է կարողանալ գնահատել, թե ինչքանով են այդ դրույքաչափերը տնտեսության աշխուժացմանը նպաստելու: Դա էլ պետք է ըստ բնագավառների նայել: Ընդհանուր պարզ է, թե ինչ է կատարվելու, բայց առանձին ապրանքատեսակների համար, թե այդ մաքսատուրքերը որքանով կնպաստեն ՀՀ տնտեսության զարգացմանը, պարզ չի: Բայց ինձ համար այդ բոլոր մաքսադրույքաչափերն անընդունելի են: Ես դեմ եմ որևէ սահմանափակումների, առավել ևս եթե դրանք տեղի են ունենում մաքսադրույքաչափերի օգնությամբ: Բայց այսօր աշխարհի տնտեսությունում անհնար է առանց դրա: Այդ քայլին են դիմում ԱՄՆ-ը, ՌԴ-ն և այլն, իրենց տնտեսությունում որևէ ճյուղ պաշտպանելու համար, և դրանից խուսափել չի լինի»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե այդ դրույքաչափերը մեզ համար ինչքանով նպատավոր կլինեն, ինչ խնդիր ենք ուզում լուծել: Օրինակ՝ ՌԴ-ն հստակ հայտարարել է, որ հովանավորչական քաղաքականություն է վարելու՝ ներքին արտադրողին պաշտպանելու համար: Սակայն, նշեց Վ.Խաչատրյանը, Հայաստանը ինչ է ուզում անել՝ խոսք չկա, զարգացման ռազմավարության մեջ ոչ մի գնահատական չկա: Նա նշեց, որ մաքսադրույքների նպատակը երկուսն են՝ բյուջեի եկամուտների ավելացում և ներքին արտադրողների շահերի պաշտպանություն. «Մեզ մոտ ոչ մի ձևակերպում չկա: Ասում են՝ մեծ շուկա է, բայց ԵՄ-ն ավելի մեծ շուկա է: Խնդիրը դա է, որ չունենալով զարգացման ռազմավարություն, բացատրություն չի տրվում նաև նման քայլերին: Եվ այդ 1.13%-ի տրամաբանությունը պետք է դրա մեջ փորձել գտնել: Սպառողի ամար ավել դրույքաչափը վատ է, բայց արտադրողի տեսակետից գուցե լավ է»:
Հիշեցնենք, որ Հայաստանը կստանա Եվրասիական տնտեսական միության տարածք ներկրվող ապրանքների համար գանձվող մաքսատուրքերի գումարի 1.13%-ը: Համապատասխան դրույթն ամրագրվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրում: Սրա հետ կապված՝ Բելառուսի մասը 4,7-ից դառնում է 4,65%, Ղազախստանինը՝ 7,3 –ից՝ 7,25%, իսկ Ռուսաստանինը՝ 88 -ից՝ 86,97%: Հանձնաժողովից նաեւ հայտնել են, որ Հայաստանը մինչեւ 2022 թվականը մի շարք ապրանքատեսակների նկատմամբ (այդ թվում՝ միս եւ մսամթերք) կարող է ԵՏՄ դրույքաչափերից տարբերվող մաքսատուրքեր կիրառել: