
Հայերը նավթ չունեն, բայց փոխարենը հպարտություն ունեն. Օքսանա Նովիկովա

Ծաղկաձորում շարունակվում է «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական երկօրյա համաժողովը: Այսօրվա քննարկումը կրում է «Կատարողական վարույթով պարտապանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի սահմանները» խորագիրը. առաջարկներով և հարցերով հանդես են գալիս Ֆրանսիայի, Մոլդովայի, Հունաստանի, Ղազախստանի, Սերբիայի, Ռուսաստանի, Չեխիայի, Սլովակիայի ներկայացուցիչները:
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ Մոլդովայի դատական կատարողների ազգային միության գլխավոր քարտուղար Օքսանա Նովիկովան, ով նշեց, որ տպավորված է Հայաստանով և հայ ազգի հյուրընկալությամբ: Օքսանա Նովիկովան առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց հայերին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ տպավորված է Հայաստանով:
«Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին այս համաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Սակայն ցանկանում եմ առանձնահատուկ նշել հայերի հյուրընկալությունը: Մենք շատ շնորհակալ ենք այն ընդունելության համար, որ դուք մեզ ցույց եք տվել այս երկու օրերի ընթացքում»,- ասաց նա:
Օքսանա Նովիկովան ընդգծեց, որ իր հայ ընկերներից մեկն իրեն շատ լավ խոսք է ասել, որի մասին ինքը ցանկանում է բարձրաձայնել: «Հայերը նավթ չունեն, սակայն փոխարենը հպարտություն ունեն: Ես համաձայն եմ այս մտքի հետ»,- ընդգծեց նա: