
Իրանի տնտեսությունը դուրս է գալիս ռեցեսիայից. Ռոուհանի

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը դուրս է գալիս ռեցեսիայից. «Տնտեսության անկումը մեծ խոչընդոտ է հանդիսացել նախորդ տարի, երբ իր աշխատանքները սկսեց նոր կառավարությունը:
Ինֆլյացիան կազմում էր ավելի քան 40 տոկոս: Երկու տարի առաջ (ավարտվել է 2013 թվականի մարտի 20-ին) Իրանի տնտեսական անկումը կազմել է 6.8 տոկոս, իսկ նախորդ տարի (ավարտվել է 2014 թվականի մարտի 20-ին)՝ 2.9 տոկոս:
Այժմ կառավարությանը հաջողվել է կայունություն հաստատել տնտեսական ոլորտում: Իրանի նավթային արդյունաբերությունը դարձավ ռեցեսիայից դուրս եկած տնտեսական առաջին ոլորտը»:
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին՝ Ռոուհանին հայտարարել է, որ Իրանն ու «Վեցյակը» փոխշահավետ համաձայնագիր կստորագրեն տվյալ խնդրի շուրջ: Ռոուհանիի խոսքերով՝ «Վեցյակի» ներկայացուցիչներն ընդունել են ուրան հարստացնելու Իրանի իրավունքը: