
Ռուսաստանն Աբխազիային առաջարկել է միավորել բանակները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանի դիտարկմանն է ներկայացվել Ռուսաստանի հետ նոր պայմանագիր, որը մասնավորապես նախատեսում է զորքերի միացյալ խմբավորման ստեղծում: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է երեկ՝ աբխազական «Ափսնիպրեսս» լրատվական գործակալության փոխանցմամբ:
«Համագործակցության ու ինտեգրման մասին» պայմանագրի 5-րդ հոդվածը նախատեսում է Ռուսաստանի ու Աբխազիայի զինված ուժերի միացյալ խմբավորման ստեղծում՝ ագրեսիայի (զինված հարձակման) հետ մղման համար՝ համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:
Բացի այդ, պայմանագիրը նախատեսում է սեփական պաշտպանական ենթակառուցվածքների ստեղծում ու Աբխազիայի պետական սահմանի պահպանման ուղղությամբ համատեղ գործողություններ: Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պայմանագրի նախագիծը պատրաստել է ռուսական կողմը: