
10 000 դրամի փոխարեն՝ 100 դոլար կբաժանի ու կդառնա նախագահ, ի՞նչ խնդիր է դա. Պետրոս Մակեյանը՝ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու մասին

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը իր մեծ հեղինակությամբ սպասարկեց Գագիկ Ծառուկյանին, կարծում եմ՝ զարմանալի չի լինի, որ Ծառուկյանը նման նկրտումներ ունենա: Հայաստանում ամեն ինչ հնարավոր է՝ բացասական առումով, այն, ինչ տեսականորեն ֆանտազիայի ոլորտում է, դա էլ է հնարավոր»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահի պաշտոնում հնարավոր առաջադրման մասին:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ինքը կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում:
Ըստ Պ. Մակեյանի՝ եթե քառյակը մինչև 2017 թվականը կարողանա ժողովրդին պահել իր դաշտում, այսինքն՝ ընդդիմադիր քաղաքական դաշտը պահել իր հսկողության տակ, և շարունակի ժողովրդին այս հոգեվիճակով բարոյազրկել ու կոտրել, ապա ոչ մի խնդիր չկա. «Փողն ի՞նչ է, 10 հազարի փոխարեն՝ 100 դոլար կբաժանի ու կդառնա նախագահ, ի՞նչ խնդիր է դա»: