Չէի ուզենա, որ օլիգարխը իմ երկրի նախագահը լիներ. Ս. Գիմիշյանը՝ Գ.Ծառուկյանի նախագահ դառնալու մասին
«Նախագահի պաշտոնում առաջադրվելը ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է, ես կուզենայի այնպիսի երկրում ապրել, որ երկրի նախագահը լիներ շատ ավելի քաղաքական դեմք, իսկ Գագիկ Ծառուկյանը տնտեսական դեմք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է նա գնահատում Գագիկ Ծառուկյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականության մասին հայտարարությանը, ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունները պետք է ոչ թե մեծությամբ գնահատվեն, այլ քաղաքական մտքի, ծրագրերի որակով. «Ես այնտեղ առանձնակի լուրջ քաղաքական կառույց չեմ տեսնում: Այն նյութական ռեսուրսների վրա ստեղծված կառույց է: Կարևոր են՝ ծրագրերը, գաղափարները, քաղաքական միտքը, ով ես, ինչպես ես ապրել: Ինձ համար շատ կարևոր են սրանք: Քաղաքականության մեջ անհրաժեշտ է բարոյականությունը գործի, եթե քաղաքական ուժն անբարոյական է, չէի ցանկանա»:
Մեր հարցին՝ «Բարգավաճ Հայաստանը» անբարոյակա՞ն քաղաքական ուժ է, Ս.Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Դե, ամեն դեպքում, օլիգարխ է: Օլիգարխ՝ նշանակում է օրենքները շրջանցելով՝ տնտեսական գործունեություն վարել և որոշակի հաջողություններ ունենալ: Չէի ուզենա, որ օլիգարխը իմ երկրի նախագահը լիներ, երբեք չէի ուզենա: Եթե օլիգարխ է, ես կուզենայի, որ ինքը շարունակեր տնտեսական գործունեությամբ զբաղվել, որտեղ հաջողություն է ունեցել, բայց ոչ թե օրենքը խախտելով, այլ հավասար պայմաններով: Ես կարծում եմ՝ օլիգարխների հետ կարելի է լեզու գտնել, որ իրենք վերադառնան օրինական դաշտ»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչքանո՞վ է Ս.Գիմիշյանը իրատեսական համարում Գ. Ծառուկյանի նախագահ դառնալը: Նա ասաց, որ որևիցե բան մեր երկրում հնարավոր չէ. «Մենք այսօր ունենք պաշտոնյաներ, որ երբեք պետք է այդ պաշտոնը չզբաղեցնեին:
Մեր ժողովուրդը շնորհքով, արիական ժողովուրդ է, մեր 3 միլիոնանոց ժողովրդից յուրաքանչյուրն էլ կարող լինել նախագահ: Մենք նախագահի, բարձրաստիճան պաշտոնյայի պլանկան շատ ենք իջեցրել, հակառակը՝ ինչքան անխելք լինես, ինչքան անբարոյական լինես, ինչքան անսկզբունք, քծնող, քցող, ծախող լինես, այնքան ավելի մեծ շանսեր ունես»: