
Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Հոկտեմբերի տասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցրեր: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին հայանպաստ գործունեության համար և կարևորել նրանց դերը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում:
Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հոլանդական խմբի տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի հետ: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի դերը և աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը էլ ավելի կզարգանա և կխորանա:
Ֆրենկ Հիմսկերկը կարևորել է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը և շեշտել, որ այսուհետ ևս ՀԲ-ն կաջակցի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանը, աղքատության նվազեցմանը, աշխատատեղերի ստեղծմանը:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: