Վերաիմաստավորելով անցյալը՝ դեպի…
Երեկ, գրեթե այն ժամին, երբ Մինսկում նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, Երևանի Ազատության հրապարակում հայրենասիրական երաժշտություն էր հնչում: Թվում էր, թե երաժշտությունը չէր կարող կապ ունենալ Մինսկում ստորագրված փաստաթղթի հետ, բայց դրանից քիչ անց մեկնարկած եռյակ/քառյակի հանրահավաքը ցույց տվեց, որ Ազատության հրապարակը, ըստ էության, տոնում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:
Նախ՝ հանրահավաքում գրեթե բոլոր ելույթ ունեցողներն իրենց պարտքն էին համարում նշել, որ իրենք Ռուսաստանի դեմ ուղղված որևէ քայլ չեն անում: Իսկ ամենագլխավորը՝ ՀՀ հիմնադիր նախագահ, ՀԱԿԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական հայտարարությունն էր այն մասին, որ Եվրասիական միությանն անդամակցությունն անշրջելի է: Ավելին՝ նա չզլացավ կրկին անգամ անվանարկել այդ անդամակցության դեմ հանդես եկողներին:
«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Միությանն այլևս անշրջելի է. այս առթիվ 2-3 տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի: Քանի որ նրանք մարդկանց մտքերը պղտորելուց բացի՝ ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական կամք թելադրել»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը՝ ըստ էության արձանագրելով, թե ինչպես է Երևանի Ազատության հրապարակում հավաքված տասնյակ-հազարանոց հանրահավաքը ողջունում/տոնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Հանրահավաքի մնացած մասը, ըստ էության, նվիրված էր նրան, թե որքան ավելի ուրախ կլիներ երեկվա տոնը, եթե Հայաստանում փոխվեր իշխանությունը:
Ու հենց այդ՝ Հայաստանում իշխանափոխության նպատակով Տեր-Պետրոսյանը երեկ հռչակեց համաժողովրդական շարժման մեկնարկի մասին, Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հասցեին հնչեցրեց գրեթե նույն գնահատականները, ինչ 2008 թվականին: Այն տարբերությամբ, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո տեղի ունեցող հանրահավաքներում 10 զոհերի սպանության համար նա մեղադրում էր ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև Գագիկ Ծառուկյանին, ում հետ երեկ կանգնած էր նույն հարթակում:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Օրինաց Երկիր» կուսակցությունն իրենց շարժման հետ որևէ առնչություն չունեն, սակայն պատրաստակամություն հայտնեց անգամ շնորհակալություն հայտնել նրանց, եթե նրանք ևս միանան գործող վարչախմբի դեմ պայքարին:
Այնպես որ, բացառված չէ, որ հաջորդ հանրահավաքին նույն հարթակում կանգնած լինի նաև Ռոբերտ Քոչարյանը: Երեկ, ի դեպ, չհայտարարվեց, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը: Տեր-Պետրոսյանը խոստացավ, որ այդ մասին կհայտարարվի առաջիկա օրերին: Գագիկ Ծառուկյանն էլ խոստացավ, որ ելույթ կունենա հաջորդ հանրահավաքում:
Վերջինս, ի դեպ, նախօրեին հայտարարել էր նախագահական ընտրություններում առաջադրվելու պատրաստակամության մասին: Ու երևի նաև դա հաշվի առնելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես իշխանափոխության հնարավոր տարբերակ, առաջարկեց արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով քննարկել իշխանության կողմից երկխոսության ու փոխզիջումային առաջարկները, եթե, իհարկե, դրանք լինեն ողջամիտ: Ողջամտության սահմանների մասին Տեր-Պետրոսյանը ոչինչ չասաց: Երևի դրանք կներկայացնի Գագիկ Ծառուկյանը՝ հաջորդ հանրահավաքում: