Արմաշի լճերը չորանում են (լուսանկարներ)

«Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը և Հայաստանում Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի ավագ գիտաշխատող Կարեն Աղաբաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Արմաշի լճերի չորացման և դրանից բխող հետևանքների մասին:

Նշենք, որ Արմաշի լճակներն արհեստական ձկնաբուծական լճակներ են, և խնդիրը, ըստ Ս. Ադամյանի, այն է, որ այս լճերը մենաշնորհային են և ունեն սեփականատերեր: Հենց վերջիններս են տնօրինում ամբողջ լճերի իրավիճակը, սակայն խնդիրն ավելի լուրջ է, քան դրանց տնօրինությունը. «Այդ լճերում 100-ից ավելի ջրաճահճային թռչնատեսակներ կան, և սա շատ լուրջ տարածք է, որտեղ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են և ուսումնասիրում թռչուններին: Այսինքն՝ Հայաստանի համար սա, փաստորեն, միակ տարածքն է այս պահի դրությամբ, որտեղ այդ քանակությամբ ջրաճահճային կենսաբազմազանություն կա: Պարզ է, որ այդ թռչունները սնվում են լճում ապրող ձկներով և կարող են այդ առումով մասամբ վնաս հասցնել տնտեսությանը, սակայն լճերի չորացման հետ մեկտեղ վերանում են և՛ այդ ձկնատեսակները, և՛ հետևաբար՝ այդ թռչունները:

Ս. Ադամյանի խոսքով՝ իրենք տարիներ առաջ հանդիպել են այդ լճերի սեփականատերերի հետ, և նրանք ասել են, որ նպատակ ունեն այդ լճերի քանակը հետագայում պակասեցնելու և դարձնելու ցանքատարածություններ. «Մենք, իհարկե, խնդրին լուրջ մոտեցանք, բայց  չէինք պատկերացնում, որ այդքան շուտ կիրագործեն իրենց նպատակները: Այժմ այդ տարածքներում ձմերուկ և այլ գյուղատնտեսական ապրանքներ են աճեցնում: Լճերի տերերն ասում են, որ իրենց դա ձեռք է տալիս: Այսինքն՝ մենք կանգնում ենք լուրջ էկոլոգիական, բնապահպանական խնդրի առջև: Մենք սրա մասին տարիներ շարունակ գրել ենք և՛ բնապահպանության նախարարությանը, և՛ միջազգային կազմակերպություններին: Մենք նաև բազմիցս խնդրել ենք տարբեր կազմակերպություններին, որ գնեն գոնե մեկ լիճ, որը կկարողանա դառնալ հատուկ պահպանվող տարածք և որտեղ կկարողանան կառավարել իրավիճակը, պահպանել այդ թռչնատեսակները»:

Կ. Աղաբաբյանն էլ ասաց, որ սա կոմպլեքս խնդիր է, և համապատասխանաբար պահանջում է կոմպլեքսային լուծում ինչպես Կառավարության կողմից, այնպես էլ մասնավոր սեկտորի և հասարակության կողմից:

armash7 armash1 armash2 armash3 armash4 armash5 armash6

Աստղիկ Իսկանդարյան

 Լուսանկարները՝ Սիլվա Ադամյանի

Տեսանյութեր

Լրահոս