Բաժիններ՝

«Հայաստանում չկա հոգեկան առողջության մասին համապատասխան օրենք, ինչը շատ վտանգավոր է». հոգեբան

«Մենք մեր փորձից շեշտում ենք, որ հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց նկատմամբ այսօր հայաստանյան հասարակության վերաբերմունքն արդարացված չէ, կա տեղեկության պակաս և մի քիչ էլ՝ տգիտության խնդիր»,- այսօր Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց հիմնադրամի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը:

Նա նշեց, որ հոգեկան հիվանդությունը դեռ դատավճիռ չէ, հոգեկան հիվանդություն ունեցող մարդիկ կարող են ունենալ որակյալ կյանք, բայց դա ունենալու համար նրանք կարիք ունեն մեր բոլորի աջակցությունը:

Հիմնադրամի հիմնադիրներից Դիանա Կացուրիսը, ով իր ամուսնու հետ եկել էր Անգլիայից միջոցառմանը մասնակցելու նպատակով, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տարիներ շարունակ փորձ են ունեցել հոգեկան հիվանդությունների բնագավառում աշխատելու և նկատել են, որ սովորաբար, այս խնդիրները մղվում են ետին պլան երկրների կողմից. «5 տարի առաջ ամուսինս և ես որոշեցինք այստեղ սկսել հոգեբանական ուղղությամբ աշխատանքներ, քանի որ գիտենք, որ ուրիշ նման կազմակերպություն չկա Հայաստանում: Մեր նպատակն էր, որ մեր գործը այստեղ դրական ազդեցություն ունենա»:

Կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս բնագավառում խնդիրներից կարևորագույնը օրենք չունենալն է: Ըստ նրա՝ այսօր Հայաստանում յուրաքանչյուրը կարող է հոգեբանական ծառայություններ մատուցել, ինչը շատ վտանագավոր է. «Հայաստանում գործում է հոգեբուժության մասին օրենքը, բայց չունենք հոգեկան առողջության մասին օրենք»:

Հարցին` այժմ չի՞ մշակվում որևէ օրենքի նախագիծ, Խ. Գասպարյանն այսպես պատասխանեց. «Օրենքի մշակման ընթացք կա, բայց առայժմ դանդաղում է»:
Խոսելով հասարակության ընկալումների մասին այս խնդրի հետ կապված՝ Խ. Գասպարյանը նկատեց, որ վերջին տարիներին դրական շարժ է նկատվում: Նա ասաց, որ իրենց կլինիկայի բացման սկզբնական շրջանում բավականին գաղտնի էր ամեն ինչ, քանի որ հիվանդները և իրենց հարազատները բարդույթավորվում էին այդ խնդրից. «Իսկ հիմա, մեր կենտրոնում հերթեր են գոյանում: Այս մշակույթը ձևավորելու համար ժամանակ է հարկավոր, ու լրատվամիջոցներն էլ ունեն իրենց առաքելությունը»:

Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, աշխարհում նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս