Երջանիկ Աբգարյան. Այսպիսի երևույթներն օր ավելի հանդուրժելը դառնում է ազգային դավաճանություն

Հարցազրույց Գերագույն խորհրդի և ԱԺ առաջին գումարման պատգամավոր,
քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանի հետ

– Պարոն Աբգարյան, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագծում և Մաքսային միության օրենսգրքում հստակ երևում է, որ Մաքսային կամ Եվրասիական միության սահմանին իրականացվելու է մաքսային վերահսկողություն: Ձեր կարծիքով` Հայաստանի դեպքում բացառություն կարվի՞, թե՞ Հայաստանի իշխանությանը, այնուամենայնիվ, կպարտադրեն մաքսակետ դնել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին:

– Ձեր ասած «մաքսային վերահսկողությունը» որևէ առանձին երկրի և մաքսային միության անդամ հանդիսացող երկրների պարագայում, մաքսային որևէ սահմանի, արտաքին թե ներքին սահմանի վրա պարտադիր է: Ամենաազատ ռեժիմների դեպքում էլ ապրանքների որակի և անվտանգության, արգելված ապրանքների, մաքսանենգության, վիճակագրության և այլ բազմաթիվ խնդիրներ պահանջում են մաքսային հսկողություն, որոշակի գործառույթների իրականացում: Իսկ ընդհանրապես, այդպիսի բացառության դեպքեր չեն լինում միջազգային պրակտիկայում:

Դա անհեթեթություն է, «ընդհանուր մաքսային տարածք» եզրույթը չի հանդուրժում բացառություններ իր սահմանի վրա: Այն միասնական տարածք է, որը պարտադրաբար ձևավորվում է սահմանակից անդամ երկրների տարածքների միավորումից` մաքսասակագնային միասնական և մաքսաարարողակարգային դյուրացված և պարզեցված միասնական քաղաքականություն իրականացնելու համար:

Կարդացեք նաև

Պատկերացրեք. եթե ափսեի պռունկի մի հատվածը ջարդված է, նրա մեջ լցվող ջուրն այդ հատվածից է թափվելու: Այս դեպքում խոսքն ապրանքների, կապիտալի, ծառայությունների և այլնի անվերահսկելի հոսքերի մասին է, և այս կապակցությամբ բացառությունների մասին չի կարող խոսք լինել: Այս բոլորն այսպես կլիներ… եթե սույն գործի նախաձեռնողն ու իրականացնողը Ռուսաստանը չլիներ: Ռուսաստանի մասնակցության պայմաններում կարելի է բացառություններ սպասել նույնիսկ Արեգակի խավարման փուլերում:

Որևէ մաքսային միությանը հակացուցված է նրա միասնականության երեք ոլորտներից (ընդհանուր մաքսային տարածք, ընդհանուր մաքսասակագնային համակարգ, ընդհանուր մաքսային արարողակարգ) որևէ մեկում միասնականության սկզբունքի խախտումը: Ինչպես ԱՊՀ ՄՄ-ի և մի երկու օր առաջ իր մահկանացուն կնքած Եվրասիական տնտեսական համագործակցության դեպքում, այնպես էլ նորակազմ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պարագայում հենց սկզբից այս սկզբունքը խախտված է` կապված այդ կազմակերպությունների մաքսային համակարգի միասնականության հետ:

Անդամ երկրներին թույլատրվել է բացառության կարգով առանձին ապրանքների և ապրանքային խմբերի համար սահմանել առանձնահատուկ մաքսադրույքներ: Սա ընդհանուր մաքսասակագնային համակարգին անհարիր և խորթ երևույթ է և պայմանավորված է առանձին անդամ երկրների մասնավոր շահերով: Սա նաև տուրք է Ռուսաստանի մշտական ձգտմանը` ամեն գնով, ամեն կերպ, թեկուզ խախտելով աշխարհում ընդունված գործելակերպը` իր հետ կապել հարևան երկրներին և դրանով իր հսկողության տակ առնել նրանց ու հեռու պահել այլ երկրներից:

Հաջորդ բացառությունը կարող է կատարվել Հայաստանի «համար»: Հայաստանն ընդհանուր ցամաքային կամ ծովային սահման չունի ռուսական ՄՄ-ի անդամ երկրներից որևէ մեկի հետ, ինչը պարտադիր պայման է որևէ մաքսային միությանն անդամակցելու համար: Սա խախտում է ընդհանուր մաքսային տարածքի սկզբունքը: Տվյալ դեպքում ԵԱՏՄ ներկայիս անդամները Հայաստանի և Արցախի սահմանի վրա մաքսակետեր չդնելու վերաբերյալ հայերի խնդրանքը չեն կարող չմերժել ո՛չ միայն այն պատճառով, որ դա իսկապես անթույլատրելի է տվյալ պարագայում, այլև, որ դրանով ոչ միայն տնտեսականորեն, այլև քաղաքականորեն էլ անարժեք կդառնա Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը: Ի տարբերություն Հայաստանի` նրանք ամեն ինչի մեջ շահ են փնտրում:

Մեր պարագայում նրանց մոտ առկա է որոշակի քաղաքական միտում` Հայաստանին ԵԱՏՄ ներգրավելու պայմանագրային պարտավորություններով տարանջատել Արցախից: Ինչևէ, ես որևէ կասկած չունեմ, որ ՀՀ-ԼՂՀ սահմանային հատվածը, որը, «չգիտես» ինչո՛ւ, կոչվելու է «մաքսային գոտի», կունենա ոչ պակաս երեք մաքսակետեր Նյուվադի-Կապան-Գորիս-Սոդք գծի վրա:

– Ի՞նչ վտանգներ է պարունակում այդ մաքսային սահմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար:

– Նախ` ընդգծեմ, որ Հայաստանի համար ԵԱՏՄ մտնելը և այն էլ` հայտնի ու գաղտնի անընդունելի ու վնասաբեր պայմաններով` ճակատագրական սխալ է: Մեզ դեռ հայտնի չէ հոկտեմբերի 10-ին ստորագրվել ենթադրվող պայմանագրի իրական տեքստի և հատկապես նրա հավելվածների պարունակությունը: Եղած նույնիսկ կցկտուր տեղեկությունները և առկա փաստերը միանգամայն որոշակիորեն ցույց են տալիս, որ Հայաստանի մուտքը ԵԱՏՄ տնտեսական ոչ մի արժեք չի ներկայացնում ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ այդ կազմակերպության անդամ որևէ երկրի համար:

Արձանագրենք. Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելը մեր երկրի տնտեսական շահերի հետ ոչ մի առնչություն չունի, դա առաջնահերթորեն վտանգավոր քաղաքական ակտ է, որի թիրախը լինելու է Հայաստանի և Արցախի անկախության կորուստը: Սա է այսօր այն իրական և շոշափելի վտանգը, որն արդեն սկսել է երևակվել ազգային այս համընդհանուր աղետի ֆոնին:

Փորձենք հասկանալ, թե առաջիկայում ինչպիսի նոր վտանգներ են առաջանալու: ԵԱՏՄ անդամները հաստատապես կմերժեն Հայաստանի` բացառություն կատարելու և Արցախի հետ իր պաշտոնական սահմանը բաց պահելու մասին խնդրանքը: Սերժիկը կստորագրի (եթե մինչ այդ անսպասելի որևէ հանգամանք չբացահայտվի) ԵԱՏՄ մտնելու պայմանագիրը, և առանց սպասելու պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան` ՀՀ-ում ծառայող ռուս սահմանապահները կսկսեն մուտք գործել «մաքսային գոտի» հռչակված Նյուվադիից մինչև Սոդք ընկած սահմանային տարածք (որի երկարությունը հայտնի է, իսկ լայնությունը` առայժմ անհայտ)` դրա վրա հսկողություն կազմակերպելու նպատակով:

Սա կնշանակի` Արցախի ամբողջական շրջափակում և Հայաստանի սահմանների ևս մի զգալի մասի և կից տարածքների հանձնում ռուսներին: Սա կլինի մի նոր վճռական քայլ Հայաստանի և Արցախի կորստյան ճանապարհին: Ես չեմ հավատում այն պնդումներին, թե ռուսները կմտնեն Լաչին կամ կհայտնվեն Արցախի իրանական սահմանի վրա: Դրա համար նրանք պետք է ստանան Ադրբեջանի համաձայնությունը, որը երբեք չի տրվի նրանց, քանի որ ադրբեջանցիները, ի տարբերություն հայերի, գիտեն հողի իրական արժեքը:

– Ռուսաստանը սրանով ի՞նչ ռազմավարական խնդիրներ է լուծում:

– Պուտինի կայսերապաշտական նկրտումների գլխավոր նպատակներից առաջինը նախկին խորհրդային երկրների փուլ առ փուլ «հողահավաքն» է ռուսական տիրապետության տակ: Մասնավորապես, ներկայումս Հայաստանի պարագայում պուտինյան վարչախումբն ընդլայնում է իր ռազմաքաղաքական ներկայությունը մեր երկրում, որպես որոշակի իրադրությունում մերձավորարևելյան նավթահորերը շարքից հանելու առավել մերձակա և հարմար հարթակ, ինչպես նաև «անհրաժեշտության» դեպքում` մերձավորարևելյան խառնակ շրջանի ռազմաքաղաքական զարգացումների վրա ազդեցության միջոց: Մյուս կողմից` Ռուսաստանը ձգտում է Հարավային Կովկասն ամբողջությամբ իր հսկողության տակ վերցնել, Վրաստանում վերականգնել իր ազդեցությունը:

Իսկ ահա Ադրբեջանի հետ հարաբերությունները ձգտում է ձևավորել ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցության ոգով, և Հայաստանի ու Արցախի քարտերն էլ փորձում է օգտագործել` որպես քաղաքական առևտրի միջոց և օբյեկտ: Հայաստանի հայաթափությունը և ռուսականացումը մնում են Ռուսաստանի օրակարգում: Պուտինն ուզում է մեր երկրի ոչնչացման հաշվին էլ ավելի սերտացնել ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական փոխհարաբերությունները և նրանց ներքաշել սլավոնա-թյուրքական լայնածավալ և հզոր կայսրություն ստեղծելու իր ցնորական ծրագրի ոլորտը (չէ՞ որ արդեն Ռուստանում բազմիցս պաշտոնապես հայտարարվել է, որ այդ երկրի պետակազմավորիչ ազգերը ռուսներն ու թաթարներն են, և, որ ռուսներն աշխարհի մուսուլմանական երկրների շահերի ամենահավատարիմ պաշտպաններն են): Ինչևէ, ես կառաջարկեի Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվողներին փորձել հասկանալ, թե իրականում ի՞նչ է եղել ռուսական Հարավային հոսք գազատարի թուրքական ջրերով անցկացնելու վերաբերյալ թուրքերի թույլատվության տրամադրման ձգձգմանը նախորդած ռուս-թուրքական բանակցություններում, քանի որ դա իր հետագա զարգացումների փաստերի տրամաբանությամբ հստակ կապ ունի այսօրվա հայաստանյան վտանգավոր իրողությունների հետ:

– Երեք կամ ավելի ուժերը (եռյակ, քառյակ և այլն) կարո՞ղ են հասնել հասարակական լայն համախմբման, թե՞, այնուամենայնիվ, ի հայտ պիտի գա որակապես նոր ուժ, ավելի ճիշտ` նոր բևեռ:

– Նախ` ձեռք քաշեք հանկարծակի հայտնվող փրկիչներից ու ի հայտ եկող բևեռներից: Նույնիսկ Քրիստոսն իր կյանքի ընթացքում չկարողացավ դրան հասնել, և նրա մահապատժի ժամանակ ժողովուրդն ուրախությամբ էր նայում նրա կրած չարչարանքներին: Քաղաքական կյանքում ինչպես` քաղաքական ուժը, այնպես էլ` անձը, նախևառաջ` հասարակության մեջ իրենց գաղափարների առավելությունները պիտի ապացուցեն, պիտի իրենց նկատմամբ ժողովրդի վստահությունն ապահովեն և հեղինակություն ձեռք բերեն: Իսկ դա ժամանակ է պահանջում:

Հեղափոխությունների ընթացքում, իհարկե, համեմատաբար կարճ ժամանակամիջոցում են այդ պրոցեսներն իրականացվում, բայց այդ ժամանակներում հիասթափություններն էլ են արագ վրա հասնում և շատ թանկ նստում հեղափոխական գործիչների վրա: Սա` ի դեպ:

Ասեմ, որ ես ՀԱԿ-ի ջերմեռանդ համախոհներից եմ, բայց ոչ անդամ: Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս է ցույց տվել, որ ինքը կարողանում է համախմբել հասարակությանը: Չեմ կասկածում, որ այս ճակատագրական օրերին ևս հենց նա է լինելու ժողովրդի ակնկալիքների կրողը: Փոխադարձ անկեղծության և վստահության պարագայում վստահ եմ, որ եռյակն ի վիճակի է իր շուրջը համախմբել հայ հասարակության ջախջախիչ մեծամասնությանը:

– Իսկ ո՞րն է, Ձեր կարծիքով, այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը, կամ ո՞ր խնդիրը պետք է դառնա ընդդիմության օրակարգային գլխավոր հարցը. անկախության կորստի վտա՞նգը, իշխանափոխությո՞ւնը, սոցիալ-տնտեսական վիճա՞կը:

– Այսօր հայ ժողովրի առջև ծանրացած գլխավոր խնդիրը ես համարում եմ իշխանափոխության հարցը: Արդեն 16 տարի է` պետության ղեկի առջև կանգնած են քրեական հակումներով, անհագորեն ընչաքաղց, քաղաքականապես տգետ ու ծախու մարդիկ: Նրանք երկիրը կանգնեցրել են քաղաքական, տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական աղետների առջև: Երկիրը կորցնում է իր Անկախությունը, կորցնում ենք Արցախը, որի համար այդքան արյուն թափեցինք: Այսպիսի երևույթներն օր ավելի հանդուրժելն իսկ արդեն դառնում է ազգային դավաճանություն: Տե՛ր կանգնենք մեր երկրին, հոկտեմբերի 10-ին բոլորս լինենք Ազատության հրապարակում և մեր կամքը թելադրենք հարթակում կանգնածներից նրանց, ովքեր դեռ տատանվում են իրագործել ժողովրդի կամքը:

Տեսանյութեր

Լրահոս