«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը կհաստատվի կառավարության վաղվա նիստում
Ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվի մինչև 2015 թ-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թ-ի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում այսպիսի փոփոխություն է նախապատրաստել ՀՀ կառավարությունը: Որոշումը վաղը նախատեսվում է հաստատել կառավարության նիստում, ապա օրենքի փոփոխութունը պետք է ընդունվի ԱԺ նիստում: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և կտարածվի 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Որպես հիմնավորում գործադիրը նշում է, որ հունիսի 21-ին ԱԺ կողմից ընդունված` «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը երկարացնելու նպատակադրումը: Խնդիրն այն է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտությունների պակասով: