«Եթե եռյակի բոլոր լիդերները դուրս գան և հոկտեմբերի 10-ին պահանջեն իշխանափոխություն, մենք կհասկանանք, որ դա լուրջ է և կփորձենք «ծանր հրետանին» դուրս հանել». ՀՀԿ-ական պատգամավոր
«Ընդդիմությունը դարձավ ոչ իշխանակա՞ն»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրագրողների այն հարցադրմանը՝ թե ինչ ակնկալիքներ ունի ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքիվ:
Նա նշեց, որ մենք ժողովրդավարական երկիր ենք, ու որևիցէ խոչընդոտ գոյություն չունի որևէ մեկի քաղաքական դրսևորումները արտահայտելու համար. «Մենք ունենք մեր դիրքորոշումը, մեր ծրագիրը, որին համապատասխան իրականացնում ենք մեր պարտականությունները, որը մեզ համար ավելի շատ պարտավորվածության, պարտականության տիրույթում է, քան իրավունքների»:
Հարցին, թե ձեզ համար սպասելի՞ էր, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը իշխանափոխության մասին խոսեց՝ հաշվի առնելով, որ մինչ այդ ԲՀԿ-ն չէր խոսում իշխանափոխության մասին, Հ.Սահակյանն այսպես պատասխանեց. «Եթե դասական առումով ենք վերցնում, գոյություն ունեն գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններ: Օրենսդիր իշխանության մեջ ամբողջանում է նաև ընդդիմությունը: Կխնդրեի իմ գործընկերներին հստակեցնել՝ ինչ ի նկատի ունեն իշխանությունների հրաժարական ասելով: Իշխանափոխությունը կապում են սահմանադրական բարեփոխումների հետ: Իսկ եթե դա չլինի, իշխանափոխութուն չե՞ն ուզելու»:
Լրագրողներից մեկի հարցին, թե հավատո՞ւմ եք եռյակի անկեղծությանը, որ ՀԱԿ-ն ընդդիմադիր է, ԲՀԿ-ն այլընտրանք է, Հ.Սահակյանը պատասխանեց. «Ես հավատում եմ Աստծուն, իսկ եռյակի անկեղծությանը կարծում եմ՝ բոլորս էլ պետք է հավատանք»:
Հարցին՝ այսինքն՝ իրենք անկեղծ ընդդիմությո՞ւն են, Հ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Եթե չխորշեք ընդդիմություն բառն օգտագործել, ես էլ կհավատամ, բայց ընդդիմությունը շատ սահուն վերջին գործընթացների ընթացքում դարձավ ոչ իշխանական ուժ: Ոչ իշխանական բազմաթիվ ուժեր կան, որոնք մեզ հետ համագործակցում ենք: Ծայրահեղական ընդդիմութունը տեղը զիջեց ոչ իշխանական հարթակին և համակերպվեց, որ ինքը ոչ իշխանական ուժերի ամբողջություն է»:
Լրագրողների այն դիտարկմանը, որ, կարծես, «Հանրապետական» հրետանին լռում է եռյակի իշխանափոխության կոչերի հանդեպ, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Եթե զգանք լրջություն կա, կխոսենք: Ի՞նչ են ասել, որ չենք պատասխանել: Հայհոյախառն արտահայտություններից բացի՝ ես չեմ կարծում, որ որևէ միտք է արտահայտված, որին պետք է մենք նստենք, մտածենք ու արձագանքենք:
Ընդամենը հոգեբանական թեստի կամ ինչ-որ բարիեր հաղթահարելու փուլում են գտնվում մեր գործընկերները: Կոչերը միայն վերաբերվում են՝ մարդաշատ կլինի՞ այդ հանրահավաքը, թե՞ ոչ, և ո՞վ ավելի շուտ, կամ ամենաառաջինը կգոռա՝ իշխանափոխություն»:
Հարցին, թե հոկտեմբերի 10-ին հանրապետության ճանապարհները փա՞կ են լինելու, Հ.Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորս էլ հետևում ենք եղանակի տեսությանը, ձնաբուք չի կանխատեսվում այդ օրերին, և չեմ կարծում, որ ճանապարհը փակ կլինի, այնպես որ՝ եռյակը թող առանց մտահոգվելու իր հանրահավաքը կազմակերպի»:
Անդրադառնալով ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի այն հայտարարությանը, թե արտահերթ, թե հերթական ընտրությունների միջոցով, բայց միևնույն է՝ իշխանափոխություն լինելու է, Հ. Սահակյանն ասաց, որ Ս. Մարգարյանն այն մարդը չէ, որ պետք է ներկայացնի մեր ժողովրդի հավաքական կարծիքը:
Հ.Սահակյանի խոսքով՝ եթե եռյակի բոլոր լիդերները դուրս գան և հոկտեմբերի 10-ին պահանջեն իշխանափոխություն, իրենք կհասկանան, որ դա լուրջ է և կփորձեն «ծանր հրետանին» դուրս հանել ու հակադարձել: