
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով

2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ լրատվական ծառայությունը, եթե 2013թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր:
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: