Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության առևտրա-տնտեսական հարցերով խորհրդական Մարգարիտա Ցիվինսկայան, ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ԱՊՀ վարչության Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի վարիչ Նինել Ռուստամյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր ճշգրտել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի օրակարգը. նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 23-24-ը Մինսկում, հայկական կողմի համանախագահն է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նախարար Կարեն Ճշմարիտյանը, ողջունելով դեսպանին, հայտնել է, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը կարևոր հարթակ է երկու երկրների տնտեսական հարաբերությունները վերանայելու և համագործակցության նոր ուղիներ մշակելու համար: Նա նաև նշել է, որ Հայաստանի և Բելառուսի գործարար ներկայացուցիչների համար պետք է բարելավել գործարար միջավայրը, ինչը փոխգործակցության նոր խթան կդառնա նրանց համար:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպան Սուխորենկոն նշել է, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերի արդյունքում հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունն ավելի տեսանելի է դառնում, և որպես օրինակ նշել է Հայաստանի կառավարության օժանդակությամբ մեծ քանակի գյուղատնտեսական մեքենաների ներկրումը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ մեքենաների սպասարկման և վերանորոգման կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնական հանդիպումները Բելառուսի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս