
«Հայաստանի իշխանությունը պետք է օժանդակեր երիտասարդ սերնդի կայացմանը, ոչ թե իր զավակներին ուղարկեր Շվեյցարիաներ, այլ՝ ընդունակ երիտասարդներին». Լևոն Շիրինյան

«2 օր առաջ Հրազդանում փակվել է գիտաարտադրական «Գոլդեն Ֆիլդ» միավորումը. այն ժամանակակից ձեռնարկություն է՝ 150 աշխատողներով: Փակվել է առանց դատարանի որոշման: Ես դիմում եմ վարչապետին. Դուք ասեցիք, որ կանգնում եք ցանկացած արտադրողին թիկունք. 150 աշխատող ունեցող ժամանակակից, եվրոպական ստանդարտներ ունեցող ձեռնարկություն փակվել է՝ արհեստական պարտքերի, ֆինանսական կապիտալի կամայականության շնորհիվ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նրա խոսքով՝ այսօր բանկերը «խեղդել են» երկիրը իրենց տոկոսադրյուքներով, իրենց կամայականություններով, կապերով, հարաբերություններով և այլն:
«Մենք պետք է տրամադրվենք, որ պետություն ստեղծելը մեր խնդիրն է: Պետք է լինի տրամադրվածություն, դա լինի իշխանության ճամբարի մեջ, թե ընդդիմության ճամբարի մեջ»:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի իշխանությունը պետք է օժանդակեր երիտասարդ սերնդի կայացմանը, ոչ թե իր զավակներին ուղարկեր Շվեյցարիաներ, այլ՝ ընդունակ երիտասարդներին, հետ ստանար, տեղավորեր աշխատանքի՝ առանց արյունակցական կապերի և խնամիական հարաբերությունների. «Սա կլիներ Հայաստանի էլիտայի նվերն իր ժողովրդին և իր պետականությանը»:
Լ. Շիրինյանը կոչ արեց ընդդիմությանը և իշխանությանը Հայաստանը տանել փոփոխությունների ճանապարհով. «Որովհետև բևեռացող աշխարհի մեջ մենք տանուլ կտանք վերջնականորեն»: