Ներկայիս իշխող վարչակարգը Հայաստանը հասցրել է անդառնալիի եզրին. PFA

Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Հայաստանը և Արևմուտքը. նոր տեսլական Կովկասի համար» վերտառությամբ: Զեկույցի նախնական տարբերակը ներկայացվել էր հուլիսի 2-ին ԱՄՆ Ատլանտյան Խորհրդում տեղի ունեցած ներկայացուցչական քննարկումների ժամանակ:

Զեկույցը նախատեսված է այն մասնագետների և քաղաքական գործիչների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի, ինչպես նաև վերջինիս՝ Արևմուտքի հետ ունեցած կապերի ուժեղացմամբ: Այն պարունակում է նորարարական մի շարք մտքեր, որոնք մարտահրավեր են նետում Հայաստանում և Կովկասում Արևմուտքի ներգրավման մասին գերակայող տեսակետներին: Զեկույցում միտումնավոր անտեսվում է Հայաստանի զարգացման առանցքային խոչընդոտող գործոնը՝ երկրում առկա կառավարման մակարդակը, և ներկայացվում է տարածաշրջանի համար մի այնպիսի տեսլական, որը կարող է գոյություն ունենալ Հայաստանում սեփական ժողովրդի լայն աջակցությունը վայելող, գլոբալ միտումների հետ համաշունչ քայլող և երկրի անկախությունն արտաքին միջամտություններից ապահովել կարողացող առաջնորդների առկայության պարագայում: Փոփոխությունները, որոնք ասպարեզ կբերեն այս տեսակի առաջնորդներ, ի վիճակի կլինեն կապանքներից ազատելու Հայաստանի զարգացման ներուժը և արդյունավետ կերպով հանգեցնելու զեկույցում առաջարկվող արտաքին քաղաքականության վերաուղղորդմանը:

Զեկույցը նշում է, որ թեպետ Հայաստանը ինքն է մեղավոր ներկայումս ստեղծված իրավիճակի համար, այնուամենայնիվ, Արևմուտքը բաց է թողել Հայաստանին դեպի ժողովրդավարություն և լավ կառավարում ուղղորդելու հնարավորությունը: Այդուհանդերձ, վերջին ամիսներին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են տալիս Արևմուտքին՝ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար: Սակայն, ինչպես շեշտվում է զեկույցում, դա չի կարող տեղի ունենալ ներկայիս իշխող վարչակարգի պարագայում, որը վատնել է երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական ներուժը և Հայաստանը հասցրել է անդառնալիի եզրին:

Զեկույցը մանրամասնորեն ներկայացնում է Հայաստանի և հարևան պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները: Թեև զեկույցում ընդունվում է առկա ստատուս քվոյի լրջությունը, որը հենված է Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության նախընտրությունների միջամտության վրա, այնտեղ նաև ելք է առաջարկում:

Կարդացեք նաև

Զեկույցն ընգծում է որ Ռուսաստանի ներկայիս վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ դեմ է երկու երկրների երկարաժամկետ շահերին: Հարաբերությունների նման դասավորվածությունը չի կարող կայուն լինել: Մարտահրավերը Ռուսաստանին համոզելն է, որ այն հետ կանգնի և հնարավորություն տա Հայաստանին կամուրջներ կառուցել այլ երկրների ու խմբերի հետ՝ հենվելով սեփական ռազմավարական շահերի վրա, բայց՝ միաժամանակ պահպանելով իր բացառիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը իր դատողություններում նշում է. «Զեկույցը, որ հաջորդում է Ատլանտյան Խորհրդում հուլիսի 2-ին տեղի ունեցած բազմակողմ քննարկումներին, հանդես է գալիս թե՛ որպես Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականությունը ներկայացնող համապարփակ ներըմռնման գոհացուցիչ արդյունք, թե՛ որպես այդ քննարկումներին հետևող ստեղծագործ ամփոփում: Այն նաև եզակի փորձ է Հայաստանի ապագան դիտարկել ռազմավարական հեռանկարում, ինչը օգտակար է նրա՝ Ռուսաստանից միակողմանի կախվածությունից անդին անցնելու համար և դռներ է բացում այլընտրանքային քաղաքական մտածողության առջև: Արտաքին քաղաքականության խնդիրներն ու մարտահրավերները ճիշտ կերպով շաղկապված են ավելի լավ կառավարման և ժողովրդավարության կերտման հետ»:

Վերլուծելով հայ-ադրբեջանական կարգավորումը՝ զեկույցում ներկայացվում են երեք հնարավոր սցենարներ: Հայաստանի տեսակետից ամենագրավիչ սցենարը ենթադրում է երկրի տնտեսական և պաշտպանական կարողությունների զարգացումը այնպես, որ պահպանելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը միաժամանակ կհանգեցնի տարածաշրջանում կայունության ապահովմանը և կնպաստի Անդրկովկասյան տնտեսական շուկայի առաջացմանը՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների: Արևմուտքի համար գրավչության տեսակետից զեկույցը ներկայացնում է տեսլական, որտեղ Հայաստանը դերակատարում ունի որպես առանցքային միջանցք արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո Իրանի ապաշրջափակման գործում, անկայուն տարածաշրջանում գտնվող Վրաստանի համար հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր և ներկայանում է որպես հնարավոր բուֆեր տարածաշրջանում Թուրքիայի նեոօսմանական ձգտումների դեմ:

«Որոշ ժամանակ է ինչ ես հետևում եմ Policy Forum Armenia-ի գործունեությանը և համարում եմ, որ պրոֆեսիոնալների այս փոքրիկ, բայց բացառիկ խմբի աշխատանքն իսկապես տպավորիչ է: PFA-ի՝ եղած կաղապարներից դուրս մտածելու ունակությունը, հաստատակամությունը և տարբեր ու դժվար թեմաների շուրջ լավ հետազոտված ու մանրամասն զեկույցները մշտապես համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին: Նրանց վերջին զեկույցը Հայաստանի և Արևմուտքի մասին բացառություն չէ: Պարտադիր չէ համաձայնվել զեկույցի բոլոր եզրակացությունների հետ, սակայն այն հանդես է գալիս որպես ամենախոհուն և հեռուն գնացող աշխատանքներից մեկը՝ Հայաստանի արտաքին հարաբերությունների թեմայով»,-ասել է PFC Energy International էներգետիկայի ոլորտում համաշխարհային խորհրդատվական ընկերության նախկին նախագահ Վահան Զանոյանը:
# # #

Policy Forum Armenia-ն շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է, որ նպատակ ունի ամրապնդել Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության դիսկուրսը և այդպիսով աջակցել Հայաստանում արդյունավետ հանրային քաղաքականության իրականացմանը։ PFA-ի այս և այլ զեկույցները,
որոնք գնահատականներ են տալիս Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող
առանցքային զարգացումներին, հասանելի են www.pf-armenia.org/reports հղումով։

Տեսանյութեր

Լրահոս