Բաժիններ՝

Հայաստանում 6-րդ անգամ կնշվի Զբոսաշրջության համաշխարհային օրը

Հոկտեմբերի 6-ին Երևանի երկաթգծի կայարանում տեղի կունենա զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:  

Միջոցառման  շրջանակներում զբոսաշրջության ոլորտը ներկայացնող և ոլորտին առնչվող մի շարք հաստատություններ և նվիրյալներ զբոսաշրջության բնագավառում նշանակալից ներդրումների և ձեռքբերումների համար կպարգևատրվեն ՀՀ վարչապետի ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով և ՀՀ էկոնոմիակայի նախարարի շնորհակալագրերով: 

Միջոցառմանը կմասնակցեն նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչներ (զբոսաշրջային օպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ, զբոսավարներ, ուսումնական հաստատություններ),  պետական և մասնավոր, գիտական և ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների  ներկայացուցիչներ և այլն:  


Լրացուցիչ տեղեկատվություն 


Զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է 1979 թվականից` ամեն տարի  սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհուրդն Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքում 1979թ. սեպտեմբերին կայացած իր 3-րդ նստաշրջանի ընթացքում առաջարկեց յուրաքանչյուր տարի հիշատակել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանոնադրության հաստատման օրը (1970թ. սեպտեմբերի 27-ին):
Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել համաշխարհային հանրության իրազեկությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ:
Հատկանշական է, որ զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է տարվա այնպիսի ժամանակահատվածում, որը հանդիսանում է զբոսաշրջային ակտիվ սեզոնի ավարտ հյուսիսային կիսագնդում և սկիզբ`  հարավային կիսագնդում:
Զբոսաշրջության համաշխարհային օրը տարբեր երկրներում նշում են տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով:
Հայաստանը 1997 թվականից, դառնալով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ, հետևում է վերջինիս կողմից միջազգայնորեն ընդունված ընդհանուր մոտեցումներին:
Զբոսաշրջության ոլորտը Հայաստանում հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ և  2009 թվականից Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված տոնակատարությունն ընդգրկվում է ՀՀ զբոսաշրջության տարեկան զարգացման ծրագրերում, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության որոշմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս