
«Թող ինձ ընդունի պարոն վարչապետը, բոլոր փաստերը ներկայացնեմ՝ իմանա՝ որը որից հետո ա». Նախկին բուժքույր (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի դիմաց իր նկատմամբ իրականացված անօրինականությունների համար եկել էր իր բողոքի ձայնը բարձրացնելու «Արմենիա» հիվանդանոցի նախկին բուժքույր Նինել Իվանյանը: 168.am-ի հետ զույցում նա պատմեց, որ հիվանդանոցում սկսել է աշխատել դեռևս 1971 թվականից: Նրա խոսքով՝ հիվանդները երբեք իրենից չեն բողոքել և նա շատ լավ է կատարել իր աշխատանքնային պարտականությունները:
Ն. Իվանյանը մեզ պատմեց, որ 2005 թվականի հուլիս ամսին իրեն հեռացրել են աշխատանքից: Ըստ նրա՝ պատճառը եղել է այն, որ ինքն ամեն ամիս պահանջել է իր 15 350 դրամ աշխատավարձը. «Ինքն ինձ ասում էր՝ գնա հիվանդատերերից ուզի, ես էլ ասում էի՝ ես ինձ թույլ չեմ տա, որ գնամ հիվանդատերերից գումար պահանջեմ»:
Ն. Իվանյանը որոշակի խնդիրներ է ունեցել նաև Աջափնյակ հայմայնքի թաղապետարանի հետ, որը նույնպես, ըստ նրա՝ պատճառ է հանդիսացել, որ իրեն գործից հանեն. «Մի տարվա մեջ ինձ 10 անգամ որոշումներով բնակարան են հատկացրել, գնացել եմ իմ ուժերով վերանորոգել եմ, մի տարի չանցած ինձ վտարել են, բնակարանը վաճառել այլ մարդկանց վրա:
2000 թվականի սեպտեմբերի 3-ից առ այսօր ես պայքարի մեջ եմ թե՛ Աջափնյակի թաղապետի հետ, թե՛ հիվանդանոցի տնօրենի հետ: Ուրեմն՝ թաղապետը զանգում է հիվանդանոցի տնօրենին, որ ինձ գործից հանի: Որ ինձ հանեց, գնացի ասեցի՝ Գարիկ Գրիգորիչ, ինչի՞ ինձ հանեցիք: Նա էլ ասաց, որ թաղապետն է կարգադրել»:
Ն. Իվանյանն ասաց, որ ինքը դատի է տվել տնօրենին՝ Գրիգորի Գրիգորյանին, սակայն իր դատական հայցերը մերժվել են: Դատարանից կանչել են, ասել՝ հայցադիմումը հետ վերցնի ու անցնի աշխատանքի: Ն. Իվանյանը սկզբում չի համաձայվել հետ վերցնի դիմումը և պահանջել է իր աշխատավարձն էլ բարձրացնել, ինչպես բոլոր բուժքույրերի աշխատավարձն է՝ 25 հազար դրամ, բայց հետո հոկտեմբերի 1-ից անցել է աշխատանքի:
Նա նշեց, որ այդ ընթացքում նա ենթարկվել է բազմաթիվ հետապնդումների: Ն. Իվանյանի հիվանդներին փորձել են վնասել, որ նրա դեմ քրեական գործ հարուցել: Ըստ նրա՝ մի անգամ նրան ուղարկել են դեղատուն, ու հանել են հիվանդի զոնդը. «Եթե այդ հիվանդը մեռներ, ես հաստատ բանտում կփտեի. Ինչի՞ համար: Եթե չէիք ուզում աշխատեի, ասեիք՝ դիմում գրի, ազատվի, գնա: Հիմա դիմել եմ դատարան, որ վերականգնեմ իմ բարի անունն ու պատիվը»:
Ն. Իվանյանը նշեց, որ 100 հատ դիմում ունի վարչապետի մոտ. «Հիմա էլ ասում եմ՝ թող ինձ ընդունի պարոն վարչապետը, որ բոլոր փաստերը ներկայացնեմ՝ իմանա՝ որը որից հետո ա: Ինքն ա, չէ՞, գործատուն, ինչի՞ չի պատժում նման տականքին»: