Հայկ Ալումյանը` Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների գործով դատավարության մասին. «Սա դատավարության իմիտացիա է»
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցածի առթիվ հարուցված քրեական գործը քննող դատավոր Նապոլեոն Օհանյանը մերժեց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին որոշման մեջ դատավորը նշել է, որ բացարկը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել:
«Ես Ձեզ ապացույց ներկայացրել եմ, երկար խնդրել ու համոզել եմ, որ դա վերցնեք և հետազոտեք, հրաժարվել եք վերցնել, հիմա ասում եք՝ չի ներկայացվել: Ես այս հիմքով առարկում եմ Ձեր գործողությունների դեմ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Նա նշեց նաև, որ ինքը մնում է այն կարծիքին, որ դատավորը չի կարող լինել անաչառ, անկողմնակալ կամ գոնե անաչառ դիտորդի տեսանկյունից դա այդպես թվում է:
«Հենց միայն այն հանգամանքը, որ մինչև հիմա հնարավոր չի լինում գործով վկային բերել, ներկայացնել դատարան, արդեն վկայում է այն մասին, որ այս մարզում դատավորությունը չի կարող ընթանալ քիչ թե շատ պատշաճ կերպով: Դրա մի օրինակն էլ մենք տեսանք, երբ Դուք հեռացել էիք խորհրդակցական սենյակ: Ինչպես հիշում եք՝ Ձեր նիստերի քարտուղարը հայտնեց, երբ մասնակիցների ներկայությունն էիք ստուգում, որ դատարան է ներկայացել նաև Տրդատ Խաչատրյանը (նա Սուրիկ Խաչատրյանի որդին է:- Օ. Հ.):
Երբ Դուք հեռացաք խորհրդակցական սենյակ, ինձ ասացին, որ Տրդատ Խաչատրյանը չի եկել դատարան, չի եղել դատարանում այն ժամանակ, երբ Ձեր նիստերի քարտուղարը հայտարարել է, որ Տրդատ Խաչատրյանը ներկայացել է: Ես պարզեցի: Եվ ի՞նչ պարզվեց:
Պարզվեց, որ Տրդատ Խաչատրյանի ներկայությունը ստուգված չի եղել, Ձեր նիստերի քարտուղարը, հիմք ընդունելով գործով տուժողի հայտարարությունը, Ձեզ զեկուցել է դատական նիստի ժամանակ պաշտոնապես, որ Տրդատ Խաչատրյանը ներկայացել է դատական նիստին: Ես սա նույնպես դիտում եմ որպես մի ապացույց, որ այս գործով Սյունիքում տուժող կողմի ցանկացած հայտարարություն, նույնիսկ այն աստիճան հեշտ ստուգվող, ինչպիսին է Տրդատ Խաչատրյանն այստե՞ղ է, թե՞ ոչ, ընդունվում է որպես հիմք: Սա պարզապես ախտանիշ է, որ այստեղ այս գործը չի կարող քննվել քիչ թե շատ օբյեկտիվ հատկապես այն բանից հետո, երբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց մարզպետ: Այս դատավորությունն իրականում դատավարություն չէ: Սա դատավարության իմիտացիա է, այլ ուրիշ ոչ մի բան: Եթե դատարանը քիչ թե շատ շահագրգռված լիներ իրականում օբյեկտիվ ընթացք տալ այս հարցին և լուծում տալ, այսօր մենք չի կարող պատահի՝ Տիգրան Խաչատրյանին (նա ևս Սուրիկ Խաչատրյանի որդին է) չկարողանայինք հրավիրել»,- դատարանում հայտարարեց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ ստիպված է հեռանալ դատական նիստերի դահլիճից: Դատավորն ասաց, որ որոշում է կայացվել Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու մասին:
Դատական նիստերի քարտուղարն ի պատասխան դատավորի հարցին՝ նիստերի քատուղարն ասաց, որ միջանցքում հայտարարել է, թե վկաներից, ովքեր կան, մայրը հայտարարել է, որ Տրդատ Խաչատրյանը սպասում է մեքենայում: Քարտուղարն ասաց, որ այս պահին էլ Տրդատ Խաչատրյանը գտնվում է դատարանում: Նիստերի դահլիճ հրավիրվեց Տրդատ Խաչատրյանը, ով հայտարարեց, որ դրսում է եղել:
Հայկ Ալումյանը լքեց դատական նիստերի դահլիճը: Տուժողի ներկայացուցիչն ասաց, որ տվյալ դեպքում նիստը պետք է հետաձգվի: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին: