Վահե Վարսանյան. Սա «ստվերային և մաքսանենգ» շրջանառության առաջ կանաչ լույս վառելուն միտված օրենք է
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ դեղագործական ոլորտի ներկայացուցիչները նամակով դիմել են իրեն՝ նոյեմբերի 1-ից նախատեսվող` դեղերի պարտադիր դրոշմավորման խնդրով: Ի պատասխան` Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է. «Այս հարցի շուրջ կառավարության բարձրացրած քննարկումները հանգեցրել են եզրահանգման՝ շուկայում առկա փոքր կեղծ դեղերը կարիք ունեն պարտադիր հսկողության: Այդ առումով յուրաքանչյուր դեղ, որ ստեղծվում է ՀՀ-ում կամ ներմուծվում է, պարտադիր դրոշմապիտակավորվում է»:
Նաև ասել է. «Բիոտեռորիզմի հետ կապված խնդիրները ոչ մեկը դեռ օրակարգից չի հանել»: Մեկնաբանելով Առողջապահության նախարարի այս հայտարարությունները` «Վագա Ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ սա ցուցադրական, ստվերի և կեղծիքի դեմ պայքարի անվան տակ ոլորտը պարալիզացնելու, ավելի խոցելի դարձնելու, ցանկացած պահի տուգանքներ կորզելու «ստվերային և մաքսանենգ» շրջանառության առաջ կանաչ լույս վառելուն միտված օրենք է.
«Առողջապահության նախարարի հետ հանդիպումը եղել է պարտադիր դրոշմապիտակավորման մասին օրենքի ընդունումից մոտ 3 ամիս հետո: Դրոշմապիտակավորման խնդիրն իմ կողմից բարձրացնելու ժամանակ էլ նա ասաց, որ դրա նախաձեռնողն Առողջապահության նախարարությունը չէ: Այսինքն՝ իրենց կոմպետենցիայից դուրս է: Այս առումով՝ անհասկանալի էր, թե ինչու անձամբ ինքը շտապեց պատասխանել մի հարցի, որն ուղղված էր նախաձեռնության հեղինակին՝ Ֆինանսների նախարարությանն ու կառավարությանը: Եվ այդ ոչ կոմպետենտությունը հանգեցրեց ԱԺ ամբիոնից համաշխարհային բիոտեռորիզմին ձեռնոց նետելուն: Բիոտեռորիզմի դեմ համաշխարհային պայքար մղողները հավանաբար հաջողության չեն հասնում, քանի որ չգիտեն Ջրվեժի տպարանում արտադրվող դրոշմապիտակների և բիոտեռորիզմի դեմ պայքարող աննկուն մարտիկների տեղը:
Մյուս հարցը, թե դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը կատարվում է նաև Ուկրաինայում, ուղղակի իրականությանը չի համապատասխանում: Պնդում եմ, սա աշխարհի և ոչ մի երկրում նախադեպ չունեցող օրենք է»: