
Արսեն Ղազարյանը բողոքող առևտրականներին խորհուրդ տվեց փաստարկները գրավոր ներկայացնել վարչապետին

ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը քիչ առաջ հանդիպեց կառավարութան շենքի դիմաց ցույց անող առևտրականների հետ։ Ցուցարարները նրան ներկայացրեցին իրենց բողոքները շեշտելով, որ նախընտրում են 3,5 տոկոս հարկի տակ լինել, քան՝ 1 տոկոս։
Արսեն Ղազարյանը հորդորեց նրանց նման բան չասել, քանի որ, այն, որ հարկի տոկոսը իջել է, արդեն իսկ դրական երևութ է։ Նա ՓՄՁ-ների ներկայացուցիչներին առաջարկեց վարչապետին գրավոր ներկայացնել այն փաստարկները, թե ինչո՞ւ է նրանց համար դժվար փաստաթղթերը ձեռք բերելը։ Առևտրականներից մեկը նկատեց, որ այս օրենքը ընդունել են՝ արտագաղթը մեծացնելու նպատակով։ Արսեն Ղազարյանի հարցադրմանը թե՞ արդյոք նա պատրաստվում է հեռանալ երկրից, առևտրականը պատասխանեց՝ եթե իրեն թույլ չտան հացի փող աշխատել, բնականաբար, գնալու է։
Անի Քեշիշյան