Բաժիններ՝

Առևտրականների բողոքի ակցիան շարունակվում է կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն այսօր կառավարության շենքի դիմաց են անցկացնում իրենց բողոքի ակցիան։ Հիշեցնենք, որ նրանք պահանջում են չեղյալ հայտարարել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որի համաձայն՝ առևտրի ոլորտի փոքր ու միջին գործարարների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5%-ից իջեցվում է 1%-ի, սակայն դրվում է պարտադիր փաստաթղթավորման պահանջ։

Երեք օր շարունակ ցուցարարները իրենց բողոքի ակցիաները անցկացնում էին Ազգային ժողովի դիմաց։ Այս ընթացքում ցուցարարների հետ հանդիպելու էին գալիս տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ քաղաքական ուժերը երեկ խոստացան, որ նոր օրենքի մասին քննարկումները շարունակվելու են այսօր։

Քիչ առաջ 168.am-ի զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը նշեց, որ իրենց առաջարկությունների փաթեթի պատրաստման աշխատանքները դեռ շարունակվում են։ Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ  նա տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հաշվի առնելով իրենց հասած մի շարք բողոք դիմումները, նախապատրաստում է «Շրջանառություն հարկի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ իրենց առաջարկությունների փաթեթը։

Անուշ Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դրական են համարում քաղաքական ուժերի այն առաջարկը, որ օրենքը լինի կամավորության սկզբունքով։
Մեր հարցին, թե եթե այդ առաջարկությունը ընդունվի կառավարության կողմից, իրենք այլևս չե՞ն ներկայացնի իրենց առաջարկությունների փաթեթը, Անուշ Մարգարյանը պատասխանեց, որ դա կախված կինի նրանից թե ինչքանով բավարարված կլինեն առևտրականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս