ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժանմունքի քրեական հետախուզության նախկին պետը սպառնացել է կալանավորին

2014 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, քննության առնվեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նախնական կալանք կրող Հրաչյա Գևորգյանի բողոքը:

Հրաչյա Գևորգյանն առողջական խնդիրներ ունենալու պատճառով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո այնտեղ այցելած ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին պատմել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժանմունքի քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի կողմից իրնկատմամբ շուրջ երեք ամիս շարունակ կիրառված սպառնալիքների, այնուհետև 2013 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած կարճատև տեսակցության մասին, որի ընթացքում վերջինս սպառնացել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջոցով հաշվեհարդար տեսնել Հրաչյա Գևորգյանի հետ՝ պահանջելով հետ վերցնել իր դեմ ներկայացված բոլոր բողոքները և ինքնխոստովանական ցուցմունք տալ իր նկատմամբ հարուցված գործով դատաքննության ժամանակ:

ՄԻՊ գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել ՀՀ ՀՔԾ-ում, որտեղից նյութերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժին: Նշված բաժնի քննիչ Ա. Մաթևոսյանի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Վարույթն իրականացնող մարմնի նշված որոշումը Հրաչյա Գևորգյանի կողմից նախ բողոքարկվել է վերադասության կարգով, այնուհետև բողոք է ներկայացվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2014 թ. սեպտեմբերի 29-ի բողոքի քննարկմանը մասնակցում էին դատավարության բոլոր կողմերը՝ դիմումատու Հրաչյա Գևորգյանը, վարույթն իրականացրած քննիչ Ա. Մաթևոսյանը, ՀՀ Երևան քաղաքի դատախազության դատախազ Հարությունյանը:

Դատարանում Հրաչյա Գևորգյանի ներկայացուցչությունն իրականացնում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչը հրապարակեց դատարան ներկայացված բողոքը, որով բողոքաբեր կողմը ներկայացրել էր վարույթն իրականացնող մարմնի ոչ պատշաճ քննության, ինչպես նաև քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելու վերաբերյալ պնդումները: Մասնավորապես, դիմումում ներկայացվեցին հիմնավորումներ Արթուր Գևորգյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով ամրագրված արարքի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի հանցակազմի օբյեկտի և օբյեկտիվ կողմից առկայության մասին, ինքը քրեական գործ հարուցելու հիմք էր:

Դ Վարույթն իրականացրած Ա. Մաթևոսյանը գտավ, որ ներկայացված բողոքն անհիմն է, իսկ բողոքում ներկայացված հարցերը երկրորդական բնույթ են կրում, քանի որ անմիջականորեն չեն վերաբերվում հանցագործությանը: Դատախազը նույնպես գտավ, որ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, հայտնելով, որ քննությունը կատարվել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի: Նախագահող դատավոր Վ. Գրիգորյանը գտավ, որ օբյեկտիվ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է պաշտոնական հարցում կատարել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Ա. Մխիթարյանի կողմից Հրաչյա Գևորգյանից բացատրություն վերցնելու օրը հստակեցնելու համար՝ ենթադրյալ կեղծիքները բացառելու նպատակով: Այդպիսով, բողոքի քննարկումը հետաձգվեց մինչև հիշյալ հարցման պատասխանը ստանալը:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս