Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գառնիկ Իսագուլյանի հետ (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ նախագահն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ մոտակա ժամանակներում պլանավորում է քաղաքական հանդիպումների և խորհրդակցությունների մեծ փուլ կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Մի շարք քաղաքական ուժեր անմիջապես արձագանքել էին ԲՀԿ նախագահի հարցազրույցին: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում երկու քաղաքական ուժերը վերահաստատել էին ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումներն ու առաջնային էին համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն միտված բարեփոխումների իրականացումը: Նույն թեմայի շուրջ ավելի ուշ Գագիկ Ծառուկյանը զրուցեց նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ կայացած հանդիպումներին հաջորդեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպումը:
«Ոչ մի անհատ և ոչ մի քաղաքական ուժ ի զորու չէ միայնակ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները. դրանք հաղթահարելու ճանապարհը միասնական լինելու մեջ է: Մարդիկ պետք է վերջ դնեն միմյանց վրա ցեխ շպրտելու, իրար վարկաբեկելու և վիրավորելու արատավոր ավանդույթին»,- իր խոսքում, մասնավորապես, նշեց ԲՀԿ նախագահը՝ համոզմունքով, որ դրանից տուժում են միայն երկիրն ու ժողովուրդը: ««Ազգային Անվտանգություն» կուսակցությունը ոչ միայն խոսքով, այլև գործով է պատրաստ աջակցել ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքային շարժմանը»,-ընդգծեց կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ իշխանությունները մեծ հնարավորություն ունեին կատարելու ներկայացված 12 պահանջները, սակայն առաջընթաց չկա: Սահմանադրական բարեփոխումներին հետ կապված «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահի համոզմամբ բարեփոխումների անհրաժեշտություն գուցե և կա, բայց ոչ սոցիալ-տնտեսական այս իրավիճակում:
«Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ վերարտադրման»,- հնչեցրած իր դիրքորոշումը վերահաստատեց Գագիկ Ծառուկյանը՝ առաջնային համարելով երկրում արդարության մթնոլորտի ու մարդկանց հավատի վերականգնումը:
«Վախի մթնոլորտ ստեղծելով՝ իշխանությունները փորձում են ստիպել ժողովրդին համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և որևէ կերպ չդրսևորել քաղաքացիական ակտիվություն: Այս իրավիճակում հավատալ, որ իշխանությունը գնալու է արդար հանրաքվեի, առնվազն միամտություն է»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը: Գառնիկ Իսագուլյանը հավելեց, որ «Ազգային Անվտանգություն» կուսակցությունն ամբողջությամբ կիսում է «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումները բարձրաձայնված հարցերի վերաբերյալ և քաղաքական 2 ուժերի միջև առկա են ընդհանուր սկզբունքներ ու մոտեցումներ՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 10-ին կուսակցությունն իր ամբողջ թիմով ու համակիրներով լինելու է Ազատության հրապարակում՝ կանգնելով ոչ իշխանական ուժերի և այնտեղ համախմբված ժողովրդի կողքին:
ԲՀԿ գրասենյակ