Ադրբեջանցիները կրկին փորձել են խոչընդոտել ԼՂՀ պատվիրակության աշխատանքները
Սեպտեմբերի 23-26-ը Փարիզ քաղաքում կայացել է IFTM Top- Resa -2014 ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պատվիրակությունը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանի գլխավորությամբ:
Պատվիրակությունը հանդես էր եկել առանձին տաղավարով, որը ձեւավորված էր ավանդական ոճով ու որտեղ ներկայացված էին Արցախի մասին տեղեկատվական հարուստ գրականություն, զբոսաշրջավայրերի, հյուրանոցների մասին, քարտեզներ եւ այլն:
Հարկ է նշել, որ զբոսաշրջային մասնագետների կողմից հիշյալ ցուցահանդեսը համարվում է էլիտար, որը մեկնարկել էր դեռեւս 1978 թվականից Ֆրանսիայի Դեւիլ քաղաքում, իսկ 2008-ից տեղափոխվել է Փարիզ դառնալով աշխարհում ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը:
Մասնակիցների պնդմամբ, աշխատանքները շատ հաջող են ընթացել, տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, ոչ միայն զբոսաշրջային մասնագետների մոտ, այլեւ սովորական այցելուների եւ ուրախացնողն այն էր, որ տարեց տարի ավելանում է այն այցելուների քանակը, ովքեր նախապես արդեն տեղեկացված են Արցախի մասին եւ հատուկ այցելում են Արցախի տաղավար:
«Ավանդույթի» համաձայն ադրբեջանցիները կազմակերպիչների միջոցով փորձել են խոչընդոտել ԼՂՀ պատվիրակության աշխատանքները, որը սակայն ինչպես միշտ ձախողվել է: