Լարված իրավիճակ՝ Գյումրիում. առևտրականները շարունակում են բողոքել (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Գյումրու Շահումյան փողոցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ կապված «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հետ:
Առևտրականներն այսօր՝ հոկտմբերի 1-ի վաղ առավոտից, կրկին շարունակել են գործադուլը: Նրանք փակել են Շահումյան- Վարդանանց հրապարակ, Շահումյան-Հաղթանակի պողոտա ավտոկայան տանող բոլոր ճանապարհներն ու պահանջել Գյումրուց ԱԺ պատգամավորներ ընտրված հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը: Տարածքում նաև եղել են ՀԱԿ-ի անդամները:
Գործադուլավոր առևտրականների հետ նրանց փոխարեն հանդիպել է ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանը: Նա առևտրականների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել և տեղեկացել, որ նիստ են հրավիրել ոչ իշխանական քառյակի անդամ կուսակցությունների՝ ՀԱԿ-ի, Ժառանգության, Դաշնակցության և Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները:
Նա հավաքվածներին հորդորել է չնահանջել, քանի որ միայն այս ճանապարհով է հնարավոր հասնել օրենքի փոփոխության: Հարցին, թե մինչև փոփոխությունը առևտրականները ենթարկվելու են տույժ ու տուգանքի, պատգամավորը նշել է, որ օրենքը շրջանառության մեջ է հենց այսօրվանից, ուստի բոլորը պետք է հետևեն օրենքի պահանջին, այնպես ինչպես օրինակ ըստ նրա, եղավ կենսաթոշակային կուտակային համակարգի ժամանակ: