Սեյրան Սարոյան. Արեք՝ էս մի հարցն էլ մի քննարկեք, արեք՝ ժողովրդի սրտով անենք

Այսօր Ազգային ժողովի նիստը սկսվեց հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ բուռն քննարկումով: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը դիմեց ԱԺ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ խնդրելով հրավիրել խորհդրակցություն՝ կապված շրջանառության հարկի հետ: Նա նշեց, որ Գյումրիում այժմ մեծ հանրահավաք է և հրատապ լուծում է պետք գտնել, մինչև հիմնովին լուծում տալը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով քննարկման էր դրել միջազգային համաձայնագիր, նկատեց. «Համաձանագրում նման բաներ չկային, պարզապես չընդհատեցի, որ Ձեր ճանապարհը հարթ ընթանա»:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ կարող են ընդմիջում վերցնել հիմա, բայց ցանկալի տարբերակ է, որ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ խորհրդակցություն հրավիրվի՝ կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ:

ՀՀԿ խմբակցության ղկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ շատ հետաքրքիր քառյակ-եռյակ է ձևավորվել. «Երկու օր առաջ մենք էինք առաջարկում հավաքվել, հարցը քննարկել, դուք գնացիք այլ ճանապարհով: Ի՞նչ պատահեց այս օրվա մեջ, որ դուք մտքափոխվեցիք: Պարզապես ուզում էիք կրկին անգամ լարումներ մտցնեի՞ք: Հիմա նորից հայտարարում ենք՝ խնդրեմ, համեցեք, խնդի՞ր կա, եկեք քննարկենք»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով՝ տնտեսական հարցերի հանձնաժողովը հայտարարություն է արել, որ սա տնտեսական բնույթի խնդիր է, ոչ թե քաղաքականացված:

Պատգամավոր Հեղինե Բիշարյանն ասաց, որ ըստ ցուցարարների, վարչապետը միտինգավորիներին ուղղորդել է ԱԺ, և հիմա ինքը դիմում է Գ.Սահակյանին, որ ԱԺ պատիվը բարձր պահեն:

Գ.Սահակյանը այսօր ժամը 13:30-ին խմբակցությունների ղեկավարներին հրավիրեց իր մոտ քննարկման: Նա հիշեցրեց, որ կառավարության հարցուպատասխանի ժամ է այսօր լինելու և պատգամավորները կարող են դիմել կառավարությանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այսօր ուժի մեջ է մտել օրենքը և պետք է ոչ թե արտահերթ նիստի հարցը քննարկել, այլ բուն խնդիրը: Նա նշեց, որ արտահերթ նիստի պատճառաբանությունները կարելի է այլ հարթության մեջ քննարկել, իսկ Սդ-ն պարտավորեցրել է արտահերթին բոլոր պատգամավորների մասնակցությունը:

Վարման կարգով ձայն խնդրեց գեներալ Սեյրան Սարոյանը. «Արեք՝ էս մի հարցն էլ մի քննարկեք, արեք՝ ժողովրդի սրտով անենք: Ի՞նչ պիտի քննարկեք, ի՞նչ պիտի խաբեք: Եկեք սաղս նստած ենք, քվեարկենք տղամարդավարի, պրծացնենք: Մի 20 օր էլ պիտի քննարկենք, մի 10 օր էլ քվեարկենք…»:

Գ.Սահակյանը կոչ արեց քաղաքականից անցնել մասնագիտական քննարկման:

Վ.Բաղդսարյանը կրկին հայտարարեց, որ համաձայնություն էր ձեռք բերվել հարցը քննարկելու, բայց հաջորդ օրն արտահերթի հետ կապված նախագիծ են բերում՝ առանց իրենց հետ խորհրդակցելու. «Ձեր մի մասը, որ ցանկանում էր հարցին լուծում տրվի, ցանկանում էին քննարկել, մի մասը, որ դեմ էր, ցանկանում էին, որ արտահերթը չկայանա ու խոսալու բան ունենան»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորեց հարցին շուտափույթ լուծում տալը:

ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը նկատեց, որ կամաց-կամաց անցնում են քննարկման փուլ. «Հիմա փորձ է արվում սպեկուլյատիվ պահվածքի, իբր իրենք ջատագովն են, իբրև թե իրենք ամենաշահագրգիռն են, բայց էս լոզունգներով, կոչերով չի»:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ իշխանությունը պատրաստ է թույլ տալ ցածրից անցնել բարձր հարկի, միայն թե փաստաթուղթ չտան. «Մենք ակնհայտորեն հիմա էլ հովանավորում ենք ստվերը: ՓՄՁ-ն հստակ խնդիր ունի փաստաթղթերի ձեռքբերման: Մի՛ աջակցեք և մի՛ օրինականացրեք ստվերը: Դադարեցրե՛ք օրենքի գործունեությունը, այլապես աբսուրդ է, ասում եք՝ թող փաստաթուղթ չբերեն ու 3.5 % վճարեն»:

Դահլիճում աղմուկ էր տիրում և Գ.Սահակյանը զգուշացրեց. «Արդեն միտինգի եք վերածում»: Նա փորձեց նախորդ օրը քննարկված հարցերից մեկը դնել քվեարկության, բայց սարքավորումները չաշխատեցին:

«Ձեր խոսքից սարքավորումներն էլ փչացան»,- ասաց Գ.Սահակյանը և տեխնիկական խնդիրների պատճառով 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

Տեսանյութեր

Լրահոս