ԵՄ-ի երկրներ ուկրաինական արտահանման աճը փոխհատուցեց ՌԴ-ի շուկայում կրած վնասի կեսը. Պյատնիցկի
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրներ ուկրաինական արտահանման աճը հնարավորություն տվեց փոխհատուցել ռուսական շուկայի փակման հետևանքով ուկրաինական ապրանքներ արտադրողներին պատճառված վնասի մինչև կեսը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի փոխնախարար, Ուկրաինայի առևտրային ներկայացուցիչ Վալերի Պյատնիցկին: Նա մանրամասնել է, որ ռուսական շուկայի փակման հետևանքով կրած վնասի կեսի փոխհատուցումը հնարավոր է դարձել հիմնականում ԵՄ-ի, ինչպես նաև Ասիայի ու Մերձավոր Արևելքի այլ շուկաներ արտահանման աճի շնորհիվ:
Պյատնիցկին ընդունել է, որ այդ ամենը միևնույն ժամանակ հնարավորություն չի տվել ամբողջովին փոխհատուցել կրած վնասը: Նա ընդգծել է, որ ուկրաինական այն ընկերությունները, որոնք բացառապես կենտրոնացած են եղել ռուսական շուկայի վրա, չափազանց մեծ դժվարություններ են կրում նրան փոխարինող շուկայի փնտրտուքի հարցում: