
«Եթե վարչապետի կամ կառավարության հրաժարականի պահանջ չի դրվում, ենթադրվում է, որ ավելի լուրջ պահանջ պետք է դրվի»

Ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացված 12 պահանջների արդյունքների ամփոփման և հետագա անելիքները որոշելու հետ կապված պետք է 4 խմբակցությունները հավաքվեն և վերջնական գնահատական տան: Այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ գնահատական կարող է տալ 12 կետերի կատարման վերաբերյալ:
«Իմ կարծիքով՝ այդ 12-ից մի 3 կետի մասնակի կատարումներ են արձանագրվել, բայց ընդհանուր գնահատականը չեմ ուզում տալ, որովհետև ընդհանուր գնահատական պետք է քառյակի 4 ուժերը միասին ձևակերպեն»,- ասաց Գ.Ջհանգիրյանը:
Մեր դիտարկանը, որ Գ.Ջհանգիրյանն օգտագործեց «քառյակ» եզրույթը, բայց ՀՅԴ-ն այլևս քառյակում չէ, պատգամավորը պատասխանեց. «Այս դեպքում քառյակը պահպանվում է: Մնացած խնդիրներում՝ չգիտեմ»:
Մեր հարցին՝ իշխանափոխության հարց կդրվի՞ օրակարգում, Գ.Ջհանգիրյանը պատասխանեց, որ դա դեպքերի զարգացումը ցույց կտա, բայց եթե վարչապետի կամ կառավարության հրաժարականի պահանջ չի դրվում, ենթադրվում է, որ ավելի լուրջ պահանջ պետք է դրվի: