ԱՄՀ առաքելության ղեկավար. Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում
«Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում` տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով»,- կարծում է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորտոնը:
Այսօրվա ասուլիսին, որին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ տիկին Թերեզա Դաբան Սանչեսը, նա անդրադարձավ Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին և ապագայի կանխատեսումներին` նաև տեղեկացնելով, որ ավարտվել է ԱՄՀ-ի կողմից Հայաստանի համար հաստատված ֆինանսական ծրագրի առաջին ամփոփիչ ստուգումը:
Հորտոնի կարծիքով` այդ «դժվար ժամանակների» պատճառն անորոշությունն է, որը վերաբերում է թե´ Ռուսաստանի տնտեսության անկմանը, թե´ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու հարցին:
Ըստ նրա` անորոշությունն ազդում է և´ վստահության, և´ կատարվող ներդրումների մակարդակի վրա. «Ըստ իս` իշխանությունները ԵՏՄ-ին միանալու հարցում որևէ անորոշություն չունեն. իրենք ավարտել են նախապատրաստական աշխատանքը, բանակցել են ստորագրվելիք համաձայնագիրը: Անորոշություն կա մասնավոր սեկտերի ներկայացուցիչների շրջանում: Իրենք, ինչպես ես և դուք, ընթերցում են լուրեր այն մասին, որ երեք անդամ երկրների միջև կան տարաձայնություններ, և հոկտեմբերի 10-ին Մինսկում ինչ-որ բան կարող է տեղի չունենալ: Բայց իմ կարծիքով` նաև կա անորոշություն` համաձայնագրի դրույթների հետ կապված, թե որո՞նք են անցումային ժամկետները, ի՞նչ է ստանալու Հայաստանը, ինչպիսի՞ք են լինելու դեպի շուկաներ մուտքի հնարավորությունը, ինչպիսի՞ն է լինելու աշխատուժի կարգավորումը Ռուսաստանում և դրա ազդեցությունը` ըստ այս համաձայնագրի, կամ ինչպե՞ս է լինելու մաքսային վերահսկողությունը Վրաստանի տարածքում: Բազմաթիվ հարցեր կան»:
Խոսելով Հայաստանի տնտեսության մասին` ԱՄՀ առաքելության ղեկավարը նշեց, որ ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճը ԱՄՀ-ի ակնկալածից ավելի ցածր է և, ըստ երևույթին, 3,5 տոկոսի փոխարեն կլինի 2,5 տոկոս: Սակայն հաջորդ երեք տարիներին տնտեսությունը, ըստ Հորտոնի կանխատեսման, աստիճանաբար կաճի և 2015 թ. կկազմի մոտ 3,5 տոկոս, իսկ 2016-ին` 4-4,5 տոկոս:
Հորտոնի գնահատմամբ`Հայաստանի տնտեսության անկման պատճառը նույն արտաքին քաղաքական, ինչպես նաև գործոններն են. «Տարածաշրջանային ավելի բարդ իրավիճակը, ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները, որոնք սկսել են ազդել Հայաստանից արտահանումների և Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ցուցանիշների վրա»:
Ներքին գործոններից պարոն Հորտոնն առանձնացրեց այն, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է թերակատարել պետբյուջեով նախատեսված ծախսերը, որը հատկապես ազդում է խոշոր կապիտալ ծրագրերի վրա: Թերակատարումն ազդում է նաև տնտեսական աճի ցուցանիշի վրա:
ԱՄՀ-ի և Հայաստանի կառավարության միջև բանակցությունները, Մարկ Հորտոնի խոսքով, կավարտվեն մոտ 10 օրից` Վաշինգտոնում անցկացվող ամենամյա ժողովի ժամանակ, որի արդյունքում հավանաբար Հայաստանին հատկացվի հերթական չափաբաժինը` 17 մլն դոլար: Ներկայիս ծրագրով սա երկրորդ ֆինանսական հատկացումն է: Այն եռամյա ծրագիր է` 7 չափաբաժիններով, որոնց հանրագումարը կազմում է մոտ 120 մլն դոլար: