
Աֆղանստանի նորընտիր նախագահը ստորագրել է ԱՄՆ-ի հետ անվտանգության պայմանագիրը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Գանին ու Քաբուլում ԱՄՆ դեսպան Ջեյմս Քանինգհեմը ստորագրել են անվտանգության մասին պայմանագիրը, որն օտար զինվորական կոնտինգենտի մի մասին հնարավորություն է տալիս Աֆղանստանի տարածքում մնալ 2014 թվականից հետո:
Փաստաթուղթը նախատեսում է, որ 10.000 ամերիկացի զինվորական ու ՆԱՏՕ-ի 2000 զինծառայող ահաբեկչության դեմ պայքարում օգնելու են Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև զբաղվելու են տեղի զինվորականների ուսուցմամբ:
Քաբուլը հուսով է, որ ՆԱՏՕ-ի զինվորական կոնտինգենտի թիվը կհասցվի մինչև 5000-ի, և որ նրանում կգտնվեն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Թուրքիայի ներկայացուցիչները:
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կարզայը համառորեն հրաժարվում էր այդ համաձայնագիրը ստորագրել ամերիկացիների հետ, ինչի համար էլ վերջին շրջանում բավական սրվել էին Վաշինգտոնի ու Քաբուլի միջև հարաբերությունները: