Նախագիծ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի մասին

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել
հայտնի Լիսկա մականվամբ) մասին»  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը:

Նախագիծ
ՀՀ ԱԺ հայտարարությունը ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին

Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին և նրա խմբակին ծառայություններ մատուցելու, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում բռնազավթված իշխանության երկարաձգումը սպասարկելու համար տիրապետում է բավականին մեծ «արժանիքների». պաշտոնապես նա դատապարտված է եղել բազմաթիվ անգամ տարբեր հանցագործություններ կատարելու փաստերով՝ ծանր մարմնական վնասվածք, պետական գույքի հափշտակություն, անձնական գույքի հափշտակություն, տրանսպորտային միջոցների առևանգում, չարամիտ խուլիգանություն։ Սերժ Սարգսյանի և նրա խմբակի անդամների հիմնական խնդիրն է իրականացնել վերահսկողություն առկա ապօրինի իշխանավարման համակարգում, որի համար անհրաժեշտ են քրեական տարրեր։ Նրանք, մտադիր լինելով շարունակել իշխանության բռնազավթումը, անհրաժեշտություն են տեսել կրկին օգտվել Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից, ով պատրաստ է ցանկացած տիպի պատվերի, ցանկացած հանցագործություն կատարելու:

Փաստացի տարիներ շարունակ Սուրիկ Խաչատրյանի ուղղակի վերահսկողության տակ են գտնվել ՀՀ Սյունիքի մարզի ինչպես տեղական չինովնիկները, այնպես էլ մարզի գործարար շրջանակը։

Կարդացեք նաև

ՀՀ Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը իշխանության բռնազավթիչների համար բացառիկ է։ Անպատժելիության և վախի մթնոլորտի խորհրդանիշ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ հանցագործությունների մասին փաստերը բազմիցս են հրապարակվել զանգվածային լրատվամիջոցներով, սակայն քրեաիրավական պատշաճ արձագանք չեն ստացել։ 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունը ակնհայտ դարձրեց Սուրիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող զինված խմբի գործունեությունը, որը տարիներ շարունակ հարձակումներ է գործել անձանց և կազմակերպությունների վրա, զրկել նրանց սեփականությունից, կյանքից և պատճառել բարոյական, առողջական ու գույքային վնասներ։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝

Գնահատում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը որպես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի (անդրկուլիսյան) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք։ Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեա-իրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեա-իրավական գնահատականի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական գնահատականի՝ Դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից: Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան ՀՀ Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվանմբ) մասին՚ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի ընդունման

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ըմտրությունների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ մարզպետների նշանակումը գործադիր իշխանության կողմից պետք է առավելագույնս հիմնավորված լինի ճիշտ ընտրությամբ, արդարացիությամբ, մարդասիրությամբ, մարզի բնակչության վստահության բարձր աստիճանով, ինչպես նաև որպես պաշտոնատար անձ՝ օրինապահ, կիրթ, գրագետ և պարկեշտ անձի ընտրությամբ: Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (ով առավելապես հայտնի է Լիսկա մականվամբ և որի առանձնատան հարակից տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունը և սպանությունը գալիս է լրացնելու Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների քրեական անցյալն ու ներկան) վերանշանակումը հասարակության լայն զանգվածների կողմից անվիճարկելիորեն գնահատվել է որպես վիրավորանք Սյունիքի մարզի բնակչության, որպես անպատժելիության համատարած մթնոլորտի ևս մեկ ցայտուն դրսևորում:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) վերանշանակումը մարզպետի պաշտոնում բնութագրելի է որպես դատապարտելի վարքագիծ և ավելի է խորացնելու անպատժելիության մթնոլորտն ու հասարակություն-իշխանություն անջրպետը՝ դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով:

Հիմնավորմանը կից ներկայացվում են հավելվածներ՝
1) Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից կատարված հարցման պատճեն,

liska1

2) նշված հարցմանն ի պատասխան Սուրիկ Խաչատրյանի ձերբակալության և դատվածության մասին Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկանքի պատճեն,

Liska2

3) Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեության մասին վկայող 2011թ. նոյեմբերի 15-ին http://www.aravot.am/2011/11/15/284437/ կայքում հրապարակված հոդվածի թղթային տարբերակը:

«Ես բավական հարուստ փորձ ունեմ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ նրա գերդաստանի «քաջագործությունների» մասին գրելու: Բայց այս անգամ խոսքը ոչ թե այդ գերդաստանի մասին է, այլ թե ինչպես էին պահում այդ «քաջագործությունների» հերթական զոհերը: Սուրեն Խաչատրյանի եղբայրների տղաները դանակահարելով սպանել էին մի երիտասարդի՝ իրենց ուսով դիպչելու համար: Դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել: Այս մանրամասնը երբեք չեմ հրապարակել, թեեւ այն կա գործի նյութերում:

Սակայն երբ զրուցում էի սպանվածի ծերունի ծնողների հետ՝ մինչ նրանցից մեկը երկմտում էր, թե ինձ հարցազրույց տա կամ ոչ՝ մյուսը հորդորում էր, թե ի՞նչ գործ ունես, մեզ կվերացնեն: Նրանք ինձ հարցազրույց չտվեցին՝ կատարվածի վերաբերյալ հրապարակումը լույս տեսավ բացառապես իմ սեփական պատասխանատվությամբ: Սուրեն Խաչատրյանի եղբայրը Գորիսի հանրախանութում փորձել էր աղջիկ բռնաբարել, ու նրան մի կերպ էին զսպել՝ մարզպետի թիկնապահի միջամտությամբ: Ինձ հայտնի էր աղջկա եւ անունը, եւ տան հասցեն: Սակայն դրանք չհրապարակեցի, ոչ միայն այն պատճառով, որ ընդհանրապես էթիկական առումով հանցանք է բռնաբարության զոհերի անունները հրապարակելը, այլ նաեւ, քանի որ աղջկա հարազատները կտրականապես հրաժարվեցին մամուլի հետ շփումներից: Լուրեր հասան, որ մինչ այդ մարզպետը կամ իր մերձավորները այցելել էին նրանց, պայմանավորվել: Լուրեր հասան նաեւ, որ մասնավոր զրույցներում պրն Խաչատրյանը դեռ այդ աղջկան ներկայացնում է որպես իր եղբոր… այդ բառն ընդունված չէ հրապարակել:

Մեկ այլ օրինակ էլ է հանրահայտ՝ Սուրեն Խաչատրյանն իր առանձնասենյակում ծեծել էր իր զավակի հետ կռված դպրոցականին: Կառավարությունը մեր այդ հրապարակման կապակցությամբ անգամ նախաձեռնեց հատուկ ծառայողական հետաքննություն: Սակայն այն ձախողվեց՝ գլխավորապես այն պատճառով, որ այդ տղայի հարազատները հրաժարվեցին համագործակցությունից, թեեւ ինքս ականատես եմ եղել՝ նրանց շատ բարձր մակարդակով խոստացվել էին անվտանգության երաշխիքներ: Նման բոլոր դեպքերում ես լսում էի հար եւ նման պատճառաբանություններ, որոնց էությունը հետեւյալն էր, թե լրագրողները, կառավարության պաշտոնյաները գնալու են, իսկ մենք մնալու ենք նրա եւ իր գերդաստանի տիրապետության ներքո՝ իբրեւ թիրախ: Գիտեմ, որ այդ մարդիկ ճիշտ էին եւ այդ պատճառով էլ երբեք գրիչս չբարձրացավ մեղադրելու նրանց վախկոտության մեջ:

Սակայն այլեւս ցանկությունն էլ մեռավ երբեւէ անդրադառնալու Սյունիքի մարզպետին եւ նրա շնորհիվ իրենց անպատիժ զգացող իր մերձավորներին: Ի վերջո, եթե մարդիկ հաշտվել են այս ամենի հետ՝ մենք ինչ է, Հռոմի պապից կաթոլի՞կ ենք: Մանավանդ որ՝ որեւէ խնդիր չկար հատկապես իր դեմ ուղղորդված գրելու, կադրային փոփոխությունների հասնելու համար, ինչպես պրն Խաչատրյանն էր տարածում, թե այս ամենն իր տեղը նստել ցանկացողների պատվերն է: Ինքս վստահ եմ, որ նա կմնա նստած մարզային բարձր աթոռներին այնքան, քանի դեռ ձայներ է ապահովում իշխանության համար:

Ուշադրություն դարձրեք՝ չնշեցի հատկապես ՀՀԿ-ի, քանի որ Սուրեն Խաչատրյանը նոր չէ, որ ղեկավար դիրքեր է զբաղեցնում մարզում: Այսուհանդերձ, Սյունիքի մարզում այս ամենը հանդուրժելը հանգեցրել է նրան, որ Սուրեն Խաչատրյանը հիմա էլ մարդ է ծեծում Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, կառավարության շենքից մի քիչ այն կողմ: Բայց այս մի դեպքը առանձնահատուկ է՝ կատարվածի զոհը չի լռում: Չգիտեմ՝ գուցե պատճառն այն է, որ Սյունիքի բնակի՞չ չէ: Ու շատ հետաքրքիր է, թե այս մի դեպքում ինչ ավարտ է ունենալու կառավարության կամ ոստիկանության հետաքննությունը, հաշվի առնելով, որ գործը փակելու մշտական հիմնավորումը, թե տուժողից բողոք չկա, այս դեպքում կարծես էլ չի լինի: Աննա Իսրայելյան (Նոյեմբեր 15 2011)»:

«Ժառանգություն»

Տեսանյութեր

Լրահոս