Գագիկ Ջհանգիրյան. «Մի զինված ընդդիմադիր դատեիք, որ այսօր կարողանայիք ասել՝ զինված են եղել, դրա համար զորք ենք հանել»

«Ես իձնանից տարիքով փոքր ընկերների հորդորները փորձում եմ լսել, բաց որ էդպես ցույց են տալիս ինչ անել` չեմ ուզում լսել»,- այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի արտահերթ քննարկման ժամանակ իր եզրափակիչ խոսքում ասաց օրինագծի հեղինակներից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա հայտարարեց, որ Սահմանադրության 8.2 դրույթը պետական մարմնի լիազորություների մասին չէ. «Չի կարելի ասել, որ մածունը սև է: Ես ընդունում եմ ու շատ պարզ է, որ պետք է դեմ լինեք: Հըլը համարձակվեիք ու կողմ լինեիք»:

Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ահաբեկչության հետ ոչ մի եզր չի եղել 2008 թվականին տեղի ունեցածը. «Մի զինված ընդդիմադիր դատեիք, որ այսօր կարողանայիք ասել՝ զինված են եղել, դրա համար զորք ենք հանել»: Ջհանգիրյանը համաձայնեց, որ օրինագծի արտահերթ քննարկումը լավագույն ձևաչափը չէր, բայց այլ ելք չկար, քանի որ արտահերթ նիստերը ԱԺ մեծամասնությունը տապալում է:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց, թե քաղաքական բոյկոտի դիմում է ոչ միայն քաղաքական մեծամասնությունը: Շարմազանովը հետաքրքրվեց՝ արդյոք օրինագծի հեղինակները դիմելո՞ւ են Սահմանադրական դատարան: «Դեռ չենք որոշել»,- պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս