Արամ Մանուկյանն իրեն ճիշտ չի դրսևորել, երբ Սերժ Սարգսյանին ուղղված հայհոյանքներ է հնչեցրել. ԲՀԿ-ական պատգամավոր
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Աբովյանում եռյակի հանրահավաքի ժամանակ իրեն ճիշտ չի դրսևորել, երբ իր ելույթում Սերժ Սարգսյանին ուղղված հայհոյանքներ է հնչեցրել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Արամ Մանուկյանը ԲՀԿ-ից չէ, որ քննադատենք: ԲՀԿ-ից ընդամենը եղել են կարծիքներ, որ ճիշտն ասած, այդքան էլ հաճելի բան չասաց: Բայց իր անձի հետ կապված, չեմ կարծում, որ Արամը… Ուղղակի այդպես ստացվեց էլի, ինքը որպես անձնավորություն այդպիսին չէ»,- ասաց Ս.Մարգարյանը:
Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ-ականների քննադատությունների պատճառով է, որ Արամ Մանուկյանը հաջորդ հանրահավքներին չի մասնակցել, Ս.Մարգարյանը նշեց, որ ԲՀԿ-ն չի որոշողը, թե որ կուսակցության որ անդամը մասնակցի հանրահավաքներին: Նրա խոսքով՝ դա որոշում է տվյալ կուսակցությունը, և կենտրոնացված այդպիսի մի օրգան չկա, որ ասի, թե որ հանրահավաքում ով ինչ խոսի: