Առաքել Մովսիսյան. Նույն Ծառուկյան Գագոն չի ասի երբեք՝ իշխանափոխություն (տեսանյութ)
«Ինչը ժողովրդին օգտակար լինի՝ կկտարեն, բայց իրանց պահանջով չի, պետության կարգավիճակով կկատարեն, ոչ թե իրանց ասելով: Պահանջով երբեք ոչ մեկ չի կարող պետության հետ խոսել: Պետության վրա ժամկետ ոչ մեկ չի կարա դնի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ խոսելով ոչ իշխանական ուժերի 12-կետանոց պահանջների և դրանց իրականացման համար հատկացված ժամկետի ավարտի մասին:
Հարցին, թե ինչո՞ւ է պետությունն առանձնացնում ժողովրդից, ընդդիմությունից, Ա.Մովսիսյանը հայտարարեց, թե «պետությունը մի հատ ա, դուք եք առանձնացնում, նույն միտինգավորներն էլ են մեր ժողովուրդը»:
Դիտարկումը, որ ՀՀ քաղաքացին է պետությունը, վրդովվեցրեց Ա. Մովսիսյանին. «Դու երևի էս երկրից չես, դրա համար ես էդ հարցը տալիս»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է պատգամավորը իշխանությանը նույնականացնում պետության հետ, նա հայտարարեց. «Սխալվում ես, քո հարցին չեմ պատասխանում ընդհանրապես: Պետությունը մեկն է, եթե դու երկու դրոշակ ունես, կարաս էթաս քո դրոշակների տակ խաղաս»:
Ա.Մովսիսյանը հայտարարեց, թե ընդդիմության հանրահավաքներին նորմալ է վերաբերվում, իսկ ԲՀԿ-ն սկզբից էլ «պետության համար ընդդիմություն է եղել». «Բայց ձեր նման չեմ համարում թշնամիներ, նրանք էլ մեր ժողովուրդներն են: Նույն Ծառուկյան Գագոն չի ասի երբեք՝ իշխանափոխություն»:
Նա դժգոհեց, թե Արամ Մանուկայնը հայհոյում է ՀՀ նախագահին: Լրագրողները նկատեցին, որ Մովսիսյանն էլ է հայհոյում ԱԺ-ում. «Պետք լինի` նորից կհայհոյեմ, բայց ես թաքուն չեմ անում էդ ամեն ինչը: Ընդդիմադիրներին չենք հայհոյել, ընդամենը իրա տեղն եմ դրել»: Ըստ նրա՝ ՀՀ նախագահին հայհոյելը նշանակում է հայհոյել երկրի հիմնին, դրոշին, նշանակում է սրբություն չունեն: