Հայաստանը ԵՏՄ-ի մասին պայմանագիրը կստորագրի հոկտեմբերի 10-ին. Սիսոևա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ դառնալ 2015 թվականի հունվարի 2-ից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության՝ ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության ու Մաքսային միության մարմիների հետ փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան:
Նա հայտարարել է, որ Ղազախստանը ԵՏՄ-ի մասին պայմանագիրը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին: Նա հույս է հայտնել, որ հոկտեմբերի 10-ին, երբ նախագահները կհավաքվեն Մինսկում, արդեն իսկ ավարտված կլինի երեք երկրների կողմից պայմանագրի վավերացումը, որով և այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
Խոսելով ԵՏՄ-ի ընդլայնման հնարավորությունների մասին՝ Սիսոևան հայտարարել է, որ Ղրղզստանում ներկայումս ընթացքի մեջ է «ճանապարհային քարտեզի» իրագործումը, իսկ Հայաստանն արդեն իսկ իրագործել է այն: Նա ենթադրել է, որ եթե ամեն ինչ ընթանա բարեհաջող, ապա Հայաստանը ԵՏՄ-ի մասին պայմանագիրը կստորագրի հոկտեմբերի 10-ին Մինսկում, ինչը կնշանակի, որ Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից կդառնա ԵՏՄ-ի անդամ: