Բաժիններ՝

Խոշտանգումների կանխարգելման Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի կոմիտեներն արձագանքել են Կարեն Պետրոսյանի հարցով հայ իրավապաշտպանների դիմումին

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում Ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014 թվականի սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման միջազգային կազմակերպություններին:

Ի պատասխան այդ դիմումի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն պատասխանել է, որ դիմումը քննարկվել է կոմիտեի քարտուղարությունում և որոշվել է կոմիտեի ս.թ. նոյեմբերի 3-7-ը կայանալիք լիագումար նիստում այն ներկայացնել դրա բոլոր անդամների քննարկմանը:

Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն նույնպես արձագանքել է առ այն, որ դիմումն ընդունվել է և դրանում բարձրացված հարցը հաշվի կառնվի Ադրբեջանին մոնիտորինգի ենթարկելու շրջանակներում: Այս կազմակերպությունը դիմողներին առաջարկել է դիմել նաև ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգեր ունեցող մասնագիտացած մարմիններին
(Խոշտանգումների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող և այլն):

Հիշեցնենք, որ հայ իրավապաշտպանները նշված կազմակերպություններից խնդրել են ձեռնարկել իրենց կարգավիճակից բխող բոլոր հնարավոր միջոցները, որոնք կնպաստեն Կարեն Պետրոսյանի խոշտանգման, ակնհայտ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև վերջինիս մահվան հանգամանքների պատշաճ քննության իրականացմանը: Դիմումում բերվել են ինչպես այդ կազմակերպության, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից բխող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտ հիմնավորումները:

Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց դիմումում կոչ են արել Խոշտանգումների կանխարգելման միջազգային կազմակերպություններին դրսևորել հետևողականություն` գործի անաչառ և լիարժեք ուսումնասիրություն իրականացնելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս