Թուրքիան նախկինի նման աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը. Էրդողան
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, ուր և հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը դիտարկել են Վրաստանի ու Թուրքիայի՝ որպես հուսալի գործընկերներ, միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության ասպեկտները:
Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ լիակատար աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան նախկինի նման աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը:
Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել քաղաքական, տնտեսական, առևտրային ու մշակութային հարաբերություններն: Նախագահները կարևորել են թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ համագործակցության զարգացումը և երեք երկրների մասնակցությամբ համատեղ նախագծերի իրագործումը:
Էրդողանն ու Մարգվելաշվիլին քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակն ու «Իսլամական պետության» գործունեությունը: