
Կուբայում արգելել են Չե Գևարայի ու Ուգո Չավեսի անուններով բույրաջրերը

BBC News-ի փոխանցմամբ` Կուբայի իշխանությունները խոստացել են կարգապահական միջոցներ ձեռնարկել պետական դեղագործական ընկերության նկատմամբ, որը ստեղծել է Ուգո Չավեսի ու Չե Գևարայի անուններով բույրաջրեր (օդեկոլոն):
Այս մասին հայտնում է կուբայական Granma կառավարամետ թերթը: Բույրաջրերի մասին առաջին անգամ հայտնի դարձավ սեպտեմբերի 26-ին: Դրանք ստեղծվել են Հավանայի պետական լաբորատորիայում:
Կուբայական հեղափոխության հերոս Չե Գևարայի անունը կրող բույրաջուրն ունի թարմ ցիտրուսի բույր, իսկ Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի անունը կրող բույրաջուրը` ավելի մեղմ, մրգային (մանգո ու պապայա) հոտ:
Կուբայական հեղափոխության բազմաթիվ կողմնակիցներ քննադատության են ենթարկել այդպիսի բույրաջրեր ստեղծելու գաղափարը` դա համարելով անհարգալից վերաբերմունք:
Բույրաջրերի ստեղծման համար պատասխանատու կենսաքիմիկոս Մարիո Վալդեսը հայտարարել է, որ իրենք չեն ցանկացել զբաղվել քարոզչությամբ. «Ավելի շուտ ընդհակառակը` մենք ցանկացել ենք հարգանքի տուրք մատուցել նրանց և օգնել, որ նրանց անունները մնան մեր հիշողության մեջ»
Ընկերությունն ընդգծել է, որ նախապես ստացել է Չե Գևարայի ու Ուգո Չավեսի ընտանիքների համաձայնությունը` նրանց անունները բույրաջրերի համար օգտագործելու մեջ: Սակայն Կուբայի կառավարությունը ներկայումս հերքում է այդ փաստը: