Գագիկ Մինասյանը չգիտի՝ մաքսակետ լինելո՞ւ, թե՞ ոչ

Նախօրեին հրապարակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ին տրամադրված՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը: Համաձայն նախագծի՝ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից հետո ՀՀ-ում գործելու է Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, որը պարտադրում է միության մաքսային սահմանը հատող ապրանքների նկատմամբ մաքսային վերահսկողություն իրականացնել, ինչն էլ կարելի է ապահովել, եթե Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև տեղադրվի մաքսակետ: Այս խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ, ով, սակայն, նշեց, որ փաստաթղթին պաշտոնապես ծանոթ չէ, այն առայժմ չի տրամադրվել ԱԺ-ին:

– Պարոն Մինասյան, եթե Մաքսային միության մաքսային տարածքը նրա անդամ պետությունների մաքսային տարածքների հանրագումարն է, ապա չի՞ ենթադրվում, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսային սահմանը զատվելու է, դրվելու են մաքսակետեր, քանի որ ՀՀ նախագահն էլ ոչ մեկ անգամ հայտարարել է, որ ՀՀ-ն առանձին պետություն է:

– Տեսեք, բազմաթիվ պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամներ, և՛ Լեռնային Ղարաբաղում, և՛ Հայաստանի Հանրապետությունում, ասել են, որ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելուց ԼՂ-ի և ՀՀ-ի միջև որևէ փոփոխություն սահմանային առումով տեղի չի ունենալու: Եվ այդ ձևակերպումը գալիս է դա հաստատելու, որովհետև այսօր ԱՊՀ անդամ երկրների, այդ թվում՝ ՄՄ անդամ երեք երկրների հետ՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան, նաև այլ երկրներ, մենք ունենք ազատ առևտրի համաձայնագիր: Հայաստա՛նն ունի, Հայաստանի Հանրապետությունը:

Սակայն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ըստ էության, չլինելով այդ համաձայնագրի անդամ՝ օգտվում է այդ հնարավորություններից: Այսինքն՝ ես առավել քան համոզված եմ, որ այդ երեք պետությունները, որոնք այսօր գործող համաձայնագրում ունեն այդ իրավիճակը Հայաստանի պարագայում, կպահպանեն այդ իրավիճակը, երբ ՀՀ-ն դառնա ՄՄ անդամ:

Կարդացեք նաև

– Ձեր ասածին չի՞ հակասում այն փաստը, որ Աստանայում Ն.Նազարբաևը կարդաց Ալիևի նամակը և առաջ բերեց «ՄԱԿ-ի կողմից ամրագրված սահմաններ» արտահայտությունը:

– Իհարկե, պարոն Նազարբաևի նախանձախնդիր վերաբերմունքը Հայաստանի անդամակցությանն ակնհայտ է: Ակնհայտ է նաև մեկ այլ հանգամանք, որ դա բխում է Ադրբեջանի նկատմամբ տարբեր բնույթ ունեցող կապերից: Սակայն ակնհայտ է նաև այն, որի մասին մենք ասացինք, որ այն համաձայնագրում, որի նախագիծն արդեն շրջանառության մեջ է, ձեր ասած որևէ մտահոգություն իր արտացոլումը չի գտել:

Իհարկե, կարելի է վերջնական խոսել այդ փաստաթղթի մասին, երբ այն պաշտոնապես հասնի ԱԺ: Բացի այդ, այն բոլոր հանդիպումների ժամանակ, իսկ դրանք մեկը չեն եղել, երբ պարոն Նազարբաևը բարձրացրել է այս հարցը, այդ հանդիպման պաշտոնական փաստաթղթերում այդ մտահոգությունները չեն արձանագրվել:

– Որպես ՀՀԿ խորհրդի անդամ, իշխանության մաս, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պայմանագրի նախագիծն ավելի ընդլայնված կարգով չի քննարկվում, չի համաձայնեցվում, նախքան ԱԺ բերելը: Դուք նշեցիք, որ ծանոթ չեք պաշտոնական փաստաթղթին:

– Ես, իհարկե, պաշտոնապես ծանոթ չեմ նախագծին, սակայն նախագծի հիմնական սկզբունքային դրույթները, իհարկե, մեզ տեղեկացվել են, և տեղի է ունեցել քննարկում:

– Եվ ըստ այդմ՝ մաքսակետի տեղադրումը բացառվո՞ւմ է:

– Ես պետք է վերադառնամ իմ առաջին նախադասությանը՝ ինչպես ԼՂ և ՀՀ բարձաստիճան պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամ շեշտել են, ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին չի փոփոխելու ՀՀ-ի և ԼՂ-ի միջև ձևավորված տնտեսական հարաբերությունները:

– Տեսականորեն՝ եթե փորձեն պարտադրել մաքսակետի տեղադրում…

– Շատ կներեք, եթե մենք խոսենք այդ կանխավարկածով, մենք կգնանք ոչ իրատեսական ճանապարհով:

 

Տեսանյութեր

Լրահոս