
Ինչո՞ւ են պատգամավորները պասիվ ՎՊ զեկույցի քննարկումների ժամանակ

Անցնող շաբաթ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվեցին Վերահսկիչ պալատի 2013 թ. զեկույցի քննարկումները՝ ըստ ոլորտների: Դեռևս ոչ բոլոր հանձնաժողովներում է ավարտվել զեկույցի ներկայացումը և հաջորդ շաբաթ քննարկումները կշարունակվեն: Սակայն ուշագրավ է, որ հանձնաժողովների նիստերին պատգամավորները բավականին պասիվ են: Երբեմն, օրինակ գիտություն, կրթություն, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկա էին ընդամենը 1-2 պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչներն ընդհանրապես չեն մասնակցում քննարկումներին:
168.am-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պասիվության պատճառը:
«Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների տեղը Ազգային ժողովի դահլիճն է և հանձնաժողովներում նման քննարկումները որևէ բան չեն ավելացնում: Ուղղակի 1 շաբաթ կամ 10 օր խոսվում է թեմաների մասին, որոնք, ի վերջո, չգիտես թե ինչ ճակատագիր են ունենալու: Ինքս անձամբ կողմնակից չեմ, որ այդ կարգի քննարկումները տեղափոխվել են ԱԺ բոլոր 12 հանձնաժողովներ»,- ասաց Ա.Վարդանյանը: