ՀԴԿ-ն դատապարտում է
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը Դեյր էլ-Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը իսլամիստ ծայրահեղական զինյալների կողմից:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` սա չլսված բարբարոսություն է և սրբապղծություն հայ ժողովրդի սուրբ ու նվիրական զգացմունքների և անմեղ նահատակների հիշատակի նկատմամբ:
Ավելին, սա հանդուգն մարտահրավեր է և բացահայտ սպառնալիք ինչպես ողջ հայությանը, այնպես էլ քաղաքակիրթ մարդկությանը, ինչը չի կարող արդարացվել որևէ կերպ և չի ճանաչում պատկանելություն որևէ կրոնի կամ միավորման:
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, երբ ծայրահեղականները վայելում են նույն թուրքական իշխանությունների աջակցությունը, սա նոր սրացում է և ծանր ցնցում տարածաշրջանի ողջ խաղաղ բնակչության և հատկապես քրիստոնյա համայնքների համար, որոնք կրել են անասելի կորուստներ` մարդկային, նյութական, հոգևոր ու բարոյական…
Հարգանքի և սթափության կոչ հղելով` պահանջում ենք, որպեսզի ամբողջ միջազգային հանրությունը ոչ միայն պատշաճ կերպով որակի և դատապարտի այս ոճիրը, այլև գործնական քայլերով կանխի նմանօրինակ դեպքերի կրկնությունը` մեկտեղելով իր ջանքերը չարիքը արմատախիլ անելու գործում:
Հայ ժողովուրդը լինելով ստեղծարար և խաղաղ ժողովուրդ, դրսևորելով անօրինակ համախմբում և կամք իր համար օրհասական և կենսական իրադարձությունների ժամանակ, երբևէ կողմնակից չի ելել բռնության կամ պատերազմի: Բայց և չի հանդուրժել որևէ ոճրագործություն` ուղղված իր ազգային, հոգևոր և բարոյական արժեքներին: Եվ պատահական չէ, որ նրա խիզախ որդիների ձեռքով արդարացի դատաստանի են արժանացել էնվերները, թալեաթները, ջեմալները…
Հանցագործների պատիժն անխուսափելի է…
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում բոլոր հայկական կառույցների դատապարտող հայտարարություններին և արտահայտված դիրքորոշումներին և պատրաստ է մասնակից լինելու համատեղ գործողությունների:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ
ք. Երևան, 27.09.2014թ