
Արմեն Մարտիրոսյան. Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը հետևանք է երկրում ստեղծված ամենաթողության

Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում հետևանք է երկրում ստեղծված ամենաթողության, կեղծված ընտրությունների և անօրինական իշխանությունների: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Մեր զրուցակցի կարծիքով` այսուհետ եթե ինչ-որ մեկը դուր չգա Սուրիկ Խաչատրյանին կամ նրա մերձավորներին, նրան կարող են սպանել և կրկին անպատիժ մնալ:
«Եթե Սուրիկ Խաչատրյանի նշանակումից հետո Սյունիքի մարզի մեծ մասն արտագաղթի, թող ոչ ոք չզարմանա, որովհետև ոչ միայն քաղաքական առումով, այլ ընդհանրապես որևէ մեկն անվտանգություն չունի: Իհարկե, Սուրիկ Խաչատրյանը հետևանք է, ոչ թե պատճառ: Հետևանք է երկրում ստեղծված ամենաթողության, ոչ լեգիտիմ իշխանությունների, երկրի թալանի, իշխանությունների կողմից նմանատիպ անձանց ծառայությունների կարիքը զգալու»,- նշեց Մարտիրոսյանը: