Ստեփան Ասլանյանը՝ ոսկու շուկայի տնօրենի արարքի մասին. «Խոշոր գործատերերի մի մասն էլ էր այնտեղ, ուղղակի շենքի ներսում էին նստած»

«Խոշոր գործատերերի մի մասն էլ էր այնտեղ, ուղղակի շենքի ներսում էին նստած». Ստեփան Ասլանյան
«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը և խորհրդի անդամներ Տիգրան Հովհաննիսյանն ու Գագիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի անօրինական գործողություններից:

Ստեփան Ասլանյանը Ոսկու շուկայում կատարվածը որակեց որպես վանդալիզմ. «Կան սեփականատերեր, բայց չկան ստրկատերեր: Այդ մարդիկ ձեր ստրուկները չեն, որոնց դուք պարտադրում եք գնալ իրենց իրավունքները պաշտպանելու կամ չգնալ: Կատարվում է վանդալիզմ և սրա մասին ոչ-ոք ոչինչ չի ասում: Բոլորս տեսանք, թե Վաղարշ Աբրահամյանը ինչպես է կոտրում սեղանիկները:

Ավելին, ես տեղեկություններ ունեմ, որ այն մարդկանց, որոնց հետ են կանչել Ոսկու շուկա՝ աշխատելու, ասել են, որ 15 օրից պայմանագրերը խզվելու են»,- ասաց նա:

Լրագրողների այն հարցին` արդյո՞ք շրջանառության հարկի մասին օրենքը ավելի շատ խոշոր գործատերերին չի վնասում, ինչո՞ւ են հենց մանր գործատերերը բողոքում Կառավարության շենքի մոտ, նա պատասխանեց, որ խոշոր գործատերերի մի մասն էլ էր այնտեղ, ուղղակի շենքի ներսում էին նստած. «Եթե այդքան լավն էր շրջանառության մասին օրենքը, ապա ի՞նչն է պատճառը, որ հազարավոր ձեռներեցներ դեմ են, կարո՞ղ է հիմար են, չեն հասկանում, որ մի տոկոսն ավելի քիչ է, քան 3.5 տոկոսը: Խնդիրը կապված է փաստաթղթավորման հետ, որ մեծերը փոքրերին միանշանակ չեն տրամադրելու փաստաթուղթ, ինչն արդեն մի քանի անգամ անցել է մեր գլխով»,-նշեց նա:

Իսկ այն հարցին, թե որպես «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն» ի՞նչ են պատրաստվում անել Ոսկու շուկայի դեպքի հետ կաված, Ստեփան Ասլանյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ մենք էլ այսօր այս մասին չպետք է խոսեինք, որովհետև իրավապահ մարմինները անմիջական գործողույթւններ պետք է անեին, տային դրա իրավական գնահատականը: Երեկ մենք ունեցել ենք խորհրդի նիստ և որոշել ենք դատապարտել այդ գործողությունը: Եթե լրագրողների հետ հանդիպման ժամանակ ես դատապարտում եմ, նշանակում է իմ խոսքը և եթերով գնացած նյութը բավարար հիմքեր են, որպեսզի իրավական գործողություններ լինեն: Եթե չկան այդ գործողությունները, ապա ես ինչպե՞ս սաստեմ: Մենք եղել ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ներկայացրել ենք խնդիրը, իրենք ասացին, որ կզբաղվեն այս հարցով և կպատասխանեն մեզ».-ասաց նա:

Նա նաև նշեց, որ պետք է հանդիպեն Վաղարշ Աբրահամյանի հետ ու զրուցեն կատարվածի մասին, իսկ երբ լրագրողները ցանկություն հայտնեցին ներկա գտնվել այդ հանդիպմանը, նա ասաց հետևյալը. «Բաց խոսակցության դեպքում մարդը կարող է բաց չասի, թե ինչու է այդպես վարվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս