Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն փոքրիկի, որը զրկվում է տեսողությունից (տեսանյութ)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց այսօր ժամը 15:00-ից բողոքի ակցիա էր ընթանում: Փոքրիկ Իգորը, որը զրկվում է կուրությունը վերականգնելու հնարավորությունից, պետք է առաջիկա օրերին Փարիզում վիրահատության ենթարկվեր, սակայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն այդպես էլ թույլտվություն չի տալիս ծնողներին ներկա գտնվելու Իգորի վիրահատությանը:

Ի պաշտպանություն որդու՝ Իգորի հայրը՝ Ռոմա Զաքիյանը, այսօր դեսպանատան առաջ բողոքի ակցիա էր իրականացնում: Նրա խոսքով՝ երեխան արդեն այսօր պիտի լիներ հետազոտման, սակայն արդեն ուշ է. «Ես իրենց պետությունում ո՛չ ուզում եմ մնալ, ո՛չ էլ կմնամ երբևէ: Եթե ուզենայի, վաղուց կփորձեի ու ամեն ինչ կանեի՝ այնտեղ հայտնվելու համար: Ինձ ասում են՝ երեխայի համար ընտանիք ենք գտել: Դուք պատկերացնո՞ւմ եք, առանց իմ կարծիքը հաշվի առնելու, առանց ինձ հարցնելու՝ 3-ամյա երեխայի համար ուրիշ ընտանիք են գտել: Բա ես իրենց երեխա կտա՞մ: Հիմա այսօրվա իմ բողոքի ակցիայի նպատակն այն է, որ իրենք դուրս գան այնտեղից ու ինձ հուզող հարցերի պատասխանները տան՝ ինչո՞ւ մեզ չեն տրամադրում վիզա, ինչո՞ւ թույլ չեն տալիս գնալ, երեխայի վիրահատությունը իրականացնել»:

Ռոմայի խոսքով՝ երեխայի վիճակն օր օրի վատանում է. մի աչքն այլևս բուժել չի լինի, իսկ գոնե մյուս աչքի բուժման համար էլ թույլ չեն տալիս գնալ և կատարել այդքան կարևոր վիրահատությունը. «Ես ֆինանսի կարիք չունեմ. բարերարներն ինձ գումարով օգնել են, իրենց մնում է միայն թույլ տան գնալ ինձ ու կնոջս երեխայի հետ: Առանց այն էլ՝ ամբողջ փողերս կերան: Ամեն անգամ ասում են՝ այսքան վճարիր, այնքան վճարիր, ես էլ վճարում եմ, բայց վերջում մերժում են: Հիմա ես իմ վճարած գումարները ետ եմ պահանջելու և դիմելու եմ այլ երկրների հիվանդանոցներին: Ես արդեն Փարիզի հիվանդանոցին 5 հազար եվրո վճարել էի, հրավեր ստացել, բայց… Այն, որ իմ երեխան այսօր այս վիճակում է, դրանում միայն նրանք են մեղավոր, որ ժամանակիյն թույլ չտվեցին գնալ ու հիվանդության դեմն առնել»:

Նշենք, որ երեկ Իգորի հայրը Ազգային ժողովում հանդիպել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: Վերջինս դիմում է գրել Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոս պարոն Իվան Սերժովին և ներկայացնելով խնդիրը՝ խնդրել է տրամադրել մուտքի արտոնագրեր փոքրիկի հայրիկին և մայրիկին՝ վստահեցնելով, որ նրանք սահմանված կարգով և ժամկետներում կվերադառնան Հայաստան: Այդ դիմում-նամակն այսօր դեսպանատան փոստով Իգորի հայրը ուղարկեց նրանց՝ կրկին սպասելով պատասխանին:

Նշենք նաև, որ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներն այդպես էլ դուրս չեկան և չպատասխանեցին փոքրիկի հոր ու լրագրողների հարցերն, իսկ հայրը՝ Ռոմա Զաքիյանն այդպես էլ կանգնած մնաց դեսպանատան դռների առջև՝ սպասելով որևէ մեկի արձագանքին. «Վերջը տուն գնալու են, չէ՞, դուրս գալու են չէ՞ ստիպված»,- ասում էր ու սպասում…

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս