
Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը կսկսվի 2015 թվականի սկզբից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Էբոլա տենդի վիրուսի բուժման համար փորձնական պատվաստանյութը Աֆրիկայի երկրներում օգտագործման համար պատրաստ կլինի 2015 թվականի սկզբին: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Վերջինիս հաղորդմամբ` ներկայումս գիտնականները կենտրոնացած են երկու պատվաստանյութի մշակման վրա, որոնք կլինիկական փորձարկումներ են անցնում Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում: ԱՀԿ-ն ընդգծել է, որ ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում պատվաստանյութի կիրառումը կսկսվի 2015 թվականի սկզբից:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի հետևանքով մահացածների թիվը հասել է մինչև 2917 մարդու, իսկ վարակակիրների թիվը` 6263 մարդու: